Մատչելիության հղումներ

Ջորջ Բուշը վետո դրեց Իրաքից ամերիկյան զորքերը դուրս բերելու ժամանակացույց սահմանող օրինագծի վրա


ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը երեքշաբթի օրը վետո է դրել Իրաքից ամերիկյան զորքերը դուրս բերելու ժամանակացույց սահմանող օրինագծի վրա, որը անցած շաբաթ ընդունվել էր Կոնգրեսի զույգ պալատներում:

Օրինագիծը նախատեսում էր 124 միլիարդ դոլարի հատկացումներ Իրաքում եւ Աֆղանստանում պատերազմը շարունակելու համար, սակայն` այս տարվա հոկտեմբերից 6 ամսվա ընթացքում ամերիկյան զորքերը Իրաքից դուրս բերելու պայմանով:

Վետոյից անմիջապես հետո Բուշը հանդես է եկել հայտարարությամբ` մասնավորապես, ասելով. - «Ժամանակացույցը քաոսի դեղատոմս է, որը մենք չենք կարող թույլ տալ, եւ խելամիտ չէ թշնամուն հայտնել դուրս գալու օրվա մասին»:

Նրա խոսքերով, այժմ ժամանակն է հետ կանգնել քաղաքական նպատակներից, եւ հարկավոր է զորքերին աջակցել ֆինանսապես:

ԱՄՆ-ի նախագահը վստահություն է հայտնել, որ կարելի է գալ համաձայնության:

Այսօր Բուշը հանդիպելու է Կոնգրեսում երկու կուսակցությունների խմբակցությունների ղեկավարների եւ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ` քննարկելու այլ տարբերակներ:

Փելոսին ու Սենատում դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Հարի Ռիդը արդեն պատրաստել են նման տարբերակ, ըստ որի, զորքերը կֆինանսավորվեն, սակայն Բուշը չի ստանա ցանկացած քանակով ցանկացած ժամանակ ֆինանսներ դուրս գրելու հնարավորություն:

Երեքշաբթի օրը նաեւ լրացավ Իրաքում ամերիկյան ուժերի առաքելության ավարտի մասին Բուշի հայտարարության 4-րդ տարին:

Եթե 4 տարի առաջ Բուշին աջակցում էր ամերիկացիների 65 տոկոսը, ապա այսօր` միայն 34 տոկոսը:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG