Մատչելիության հղումներ

Թուրքիայի սահմանադրական դատարանը որոշում կկայացնի նախագահական ընտրությունների հարցով


Թուրքիայի սահմանադրական դատարանը քննում է երկրում քաղաքական ճգնաժամի պատճառ դարձած նախագահական ընտրությունների առաջին փուլը չեղյալ հայտարարելու հարցը: Դատարանի նախագահ Թուլայ Թուղջուն հայտնել է, որ վճիռը կհրապարակվի այսօր երեկոյան:

Կառավարող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունից առաջադրված` երկրի ներկայիս արտգործնախարար Աբդուլա Գյուլը նախագահության միակ թեկնածուն է: Անցած շաբաթավերջին ընտրությունների առաջին փուլում նա չի հավաքել ձայների անհրաժեշտ երկու երրորդը, եւ չորեքշաբթի օրը նախատեսված է երկրորդ փուլը: Այս փուլում եւս ձայների երկու երրորդը չստանալու դեպքում երրորդ փուլում թեկնածուն ընտրված է համարվում ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ կառավարող կուսակցությունը 550-հոգանոց խորհրդարանում ունի շուրջ 330 տեղ:

Երկրում աշխարհիկ կառավարման օգտին հանդես եկող ընդդիմությունը բոյկոտել է ընտրությունները եւ դիմել Սահմանադրական դատարան` պահանջելով չեղյալ հայտարարել դրանք, քանի որ, նրա պնդմամբ, Գյուլը կարող է փորձել գործի դնել իսլամիստական օրակարգ:

Բարձրաստիճան զինվորականությունը սպառնացել է միջամտել` պաշտպանելու Թուրքիայի աշխարհիկ ավանդույթները:

Երեկ երեկոյան Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հանդես է եկել հեռուստատեսային ուղերձով, որում ազգային միասնության կոչ է արել: «Թուրքիան միասնության, համերաշխության եւ սիրո կարիք ունի` զերծ նախապաշարմունքներից», - ասել է նա:

Միաժամանակ, վարչապետի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը երկուշաբթի օրը հավանություն է տվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:

Համաձայն կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի նախնական որոշման, ընտրությունները կանցկացվեն հունիսի 24-ին, հուլիսի 1-ին կամ հուլիսի 8-ին` կախված Սահմանադրական դատարանի որոշումից:

Եթե Սահմանադրական դատարանը բավարարի ընդդիմության պահանջը, ապա, ամենայն հավանականությամբ, խորհրդարանական ընտրությունները կնշանակվեն հունիսի 24-ին, իսկ դատարանի բացասական վճռի դեպքում Գյուլը կընտրվի նախագահ եւ որոշ ժամանակ անց որոշում կկայացնի նոյեմբերի 4-ին նախատեսված հերթական ընտրությունները ավելի վաղ ժամկետ տեղափոխելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG