Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով ապրիլի 2-ին իր դեմ կատարված մահափորձից հետո գտնվում էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, օրերս դուրս է գրվել հիվանդանոցից եւ այժմ ապաքինվում է տնային պայմաններում: Երեկ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» կենտրոնից թերթի թղթակցին հայտնել են, որ Ղուկասյանի առողջական վիճակը նորմալ է, եւ նա երկրորդ` պլաստիկ վիրահատության կենթարկվի մոտ վեց ամիս անց:

Հայկական սոցիոլոգիական ընկերակցության նախագահ Գեւորգ Պողոսյանը «Հայաստանի Հանրապետություն» թերթի հարցազրույցում պնդելով, որ «Հայաստանում քաղաքական արդիականացում է կատարվում առանց գունավոր հեղափոխության»` հիմնավորել է. - «Հայաստանը ծնում է մի նոր հոսանք, մի նոր կուսակցություն՝ «Բարգավաճ Հայաստան», որն ընդդիմություն չէ եւ իշխանություն էլ չէ, որովհետեւ չի եղել իշխանության մեջ։ Բայց` որը ծնվում է ոչ թե ընդդիմադիր դաշտից, որտեղից սպասվում էր, այլ իշխանական թեւից։ Սա ներքին ընդդիմություն է, որի կարիքը ե՛ւ հասարակությունը, ե՛ւ պետությունը զգում են: «Բագրավաճ Հայաստան»-ը վերցնում է ընդդիմադիր ընտրախավի ձայները՝ չլինելով ընդդիմադիր, այսինքն զբաղեցնում է այն նիշան, որը թույլ ընդդիմության պատճառով ավելի ազատ էր»։

«Պատճառաբանված ու լիովին կանխատեսելի քայլ» որակելով ընտրությունների գործընթացից ՀՀՇ-ի դուրս գալու փաստը` «Հայոց Աշխարհ» թերթն այսօր նկատել է. - «ՀՀՇ-ն իր նախընտրական մարտավարությունը կապում է 2008-ի նախագահական ընտրություններում Լեւոն ՏերՊետրոսյանին «ակտիվացնելու» այս կամ այն տարբերակի հետ, որի իրականացմանը կարող է խոչընդոտել նրա հարազատ կուսակցության կողմից 5 տոկոսի սահմանագիծը չհաղթահարելու վտանգը։ Այսպիսով, ՀՀՇ-ն, հեռանալով համամասնական ընտրակարգով ծավալվող սուր պայքարի ասպարեզից, դառնում է հեղափոխականորեն տրամադրված արմատական ընդդիմության ստվերային «դիրիժորն» ու միաժամանակ գլխավոր գաղափարախոսը»։

Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ընթացքում ընտրությունների առնչությամբ նախագահ Քոչարյանի հնչեցրած մտքերին անդրադառնալով` «Իսկական իրավունք» թերթի մեկնաբանը գնահատել է. - «Ըստ էության ՀՀ նախագահը իշխանական ճամբարին հասկացնում է, թե՝ կարող եք յուրաքանչյուրդ ցանկացած միջոցներով ձգտել հաղթանակի՝ կանգ չառնելով եւ բացահայտ կրիմինալ դրսեւորումների առաջ, միայն թե ընտրատեղամասերում բուն քվեարկության ժամանակ ամեն ինչ լինի հանգիստ ու խաղաղ, սակայն ոչ ոք չպետք է համարձակվի՝ հանկարծ վիճարկել խաղի կանոնները ու թվերի վրա «բազար» անել։ Այսինքն՝ կարելի է ասել, որ շատ վատ է լինելու այն իշխանական կուսակցության վիճակը, որը հանկարծ հանցավոր միջոցները կիրառելուց հետո չկարողանա հասնել այն կարգավիճակին, երբ «հաղթողին չեն դատում»:

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հասցեին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած մեղադրանքներին անդրադառնալով` «Իրավունք»-ի վերլուծաբանն այսօր գնահատել է. - «Կարող ենք արձանագրել, որ 1998 թվականից Հայաստանի քաղաքական դաշտում ներկայիս իշխանության (մասնավորապես Սերժ Սարգսյանի) ջանքերով արագ տեմպերով մեծացած փուչիկը՝ «Օրինաց երկիր»-ը, պայթեց այն ստեղծողների նախաձեռնությամբ»։ «Դժվար է ասել, թե կոնկրետ երբ է այդ քաղաքական որոշումը կայացվել։ Հավանաբար այն պահից, երբ ՕԵԿ-ի երիտասարդ, անփորձ, բայց չափազանց ինքնավստահ եւ հավակնոտ առաջնորդը, որն անցած տարիներին միշտ եղել է իշխանական կերակրատաշտի կողքին ինչպես ՀՀՇ-ի, այնպես էլ ներկայիս վարչախմբի օրոք, որոշեց որ եկել է սեփական խաղը խաղալու ժամանակը», - փաստարկել է «Իրավունք»-ն ու հավելել. - «Բայց նման խաղ վարելու համար ոչ միայն համապատախան ընդունակություններ եւ համարձակություն է պետք, այլ ամենակարեւորը` նախկինից կուտակված սեփական քաղաքական կապիտալ, ինչն Արթուր Բադասարյանը չուներ»։

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար Սեյրան Օհանյանին նշանակելու քաղաքական որոշումը կայացվել է, սակայն նրա նշանակումը կլինի մայիսի 12-ից հետո». - «Իսկ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարի ամենահավանական թեկնածուն Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Մովսես Հակոբյանն է»։

«Առավոտ»-ը գրում է` «Էլի խախտում են «Ընտրական օրենսգիրքը»: Թերթի տեղեկություններով, Գեղարքունիքի Վաղաշեն գյուղում ու նաեւ Արմավիրում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 3500 դրամով պարարտանյութ է վաճառել` շուկայական գնից երկու անգամ էժան: «Գնողների ցուցակները կազմվել են կուսակցության տարածքային կազմակերպություններում», - հավելում է թերթը:

«Ժամանակ Երեւան»-ը «Ճնշում են նաեւ ուսանողներին» վերնագրի ներքո տեղեկացնում է. - «Նախընտրական ճնշումների ալիքը հասել է նաեւ ուսումնական հաստատություններ: Երեւանի պետական ագրարային համալսարանի (Գյուղակադեմիա) ուսանողներից դեկանատի աշխատակիցները պահանջել են իրենց տեղեկանքներ ներկայացնել, թե ով որ ընտրատարածքում է ընտրելու: Դեկանատում նաեւ զգուշացրել են, որ եթե այդ թերթիկները չներկայացվեն դեկանատներ, ուսանողներին չեն թույլատրելու քննություն հանձնել»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG