Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Իրավունք»-ը գրում է, թե վերջերս նախընտրական արշավի շրջանակներում Տավուշի Բերդ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանը, դիմելով հավաքվածներին, նշել է, որ ուրախ է տեսնել հավաքված ժողովրդին լավ հագնված, եւ ընդգծել, որ դա եւս մի ապացույց է, որ ժողովրդի բարեկեցությունը բարձրացել է, եւ մարդիկ արդեն ուշադրություն են դարձնում իրենց հագուկապին: «Սակայն, պարզվում է, այդ հագուստը ամենեւին էլ մարդկանց բարեկեցության բարձրացման հետ կապ չունի, պարզապես Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Բերդ «Second Hand» հագուստներ է բերել, եւ Բերդի բնակիչները, յուրաքանչյուրը 500 դրամ վճարելով, պահեստից ընտրում են իրենց հարմար զգեստը, եւ այդ հագուստներն են հենց եղել նրանց հագին վարչապետին հանդիպելիս», - տեղեկացնում է թերթը` ամփոփելով. - «Ինչ խոսք, «Second Hand» հագուստ կրող Հայաստանի Հանրապետության քաղաքացին մեր իշխանավորների մոտ արդեն կյանքի որակի բարձրացում է մատնանշում, հետո էլ ասում ենք, թե ինչպես է աճում մեր տնտեսական բարեկեցությունը»:

Անդրադառնալով Արթուր Բաղդասարյանի եւ բրիտանացի դիվանագետի խոսակցության գաղտնալսմանը, «Չորրորդ իշխանություն»֊-ը հայտնում է. - «Նույն ձայնագրությունն առաջարկվել է նաեւ «Չորրորդ իշխանություն» թերթին: Ոչ անվարձահատույց, իհարկե: Ընդամենը 800 ամերիկյան դոլարով: Որոշ ժամանակ անց գաղտնալսված զրույցի առանձին հատվածներ հայտնվել են «Գոլոս Արմենիի» թերթի էջերում: Հասկանալի է, որ «անհայտ ուժերը» ձայնագրության դիմաց փող են ուզել զուտ ձեւի համար: Աղքատ մարդու ձեռքը նման ձայնագրություններ չեն ընկնում: Հասկանալի է նաեւ նրանց ցանկությունը՝ կոմպրոմատը հրապարակված տեսնել հատկապես ընդդիմադիր թերթի էջերում: Դա տպավորություն կստեղծեր, թե իբր Հայաստանի հատուկ ծառայություններն այդ ամենի հետ ոչ մի կապ չունեն: Բայց ծրագրիրն այդ մասով ձախողվել է, եւ ստիպված դիմել են իրենց թերթերին»:

«Հայք»֊-ը պնդում է. «Դաշնակցության ղեկավարների միջեւ լուրջ հակասություններ են առաջացել: Դաշնակցականների մի թեւին չի բավարարում Վահան Հովհաննիսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունը: Բանն այն է, որ Հովհաննիսյանն իր կուսակիցներին առաջարկել է բավարարվել իրենց առաջարկվող 10 տոկոսով, ինչն առաջացրել է դաշնակցականների մի զգալի հատվածի զայրույթը: Այժմ Հովհաննիսյանին հանձնարարվել է բանակցություններ վարել Քոչարյանի հետ եւ խոստացված 10 տոկոսը հասցնել 15-֊ի»:

Իսկ «Հայկական ժամանակ»֊-ն անդրադարձել է Դաշնակցության թեկնածուներից մեկին: «Գեներալ ֆերմերը» վերնագրի ներքո թերթը գրում է. - «Դաշնակցության համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրվելու համար պաշտպանության փոխնախարարի պաշտոնից հրաժարված Արթուր Աղաբեկյանն այն պաշտոնյաներից է, ով խոշոր ֆերմեր համարվելու հավակնություններ ունի: Աղաբեկյանի հայտարարագրի համաձայն՝ նա Կոտայքի մարզի Պռոշյան ավանում ունի երեք հողակտոր, մի հողակտոր էլ Ծաղկաձորում եւ 80 հեկտար տարածք Քաշաթաղի շրջանում: 2006-֊ին գյուղմթերքների իրացումից նա ստացել է 54 միլիոն դրամի եկամուտ: Թերեւս վատ չէր լինի, եթե նախկին փոխնախարարը գյուղացիներին բացատրեր, թե ինչպե՞ս է ինքը պաշտոնավարմանը զուգահեռ այդքան գումարի գյուղմթերք աճեցրել եւ իրացրել, ու այդ ո՞ր կուլտուրան է այդքան շահութաբեր»:

Ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը «Իրավունք» թերթին ասել է. - «Գիտեք, երբեմն ինձ թվում է, որ մենք, լինելով հնագույն քրիստոնյա ժողովուրդ, այդպես էլ քրիստոնյա չդարձանք: Մնացինք նյութապաշտ ու աթոռապաշտ՝ հանուն դրա շատ հաճախ գնալով բարոյական լուրջ զիջումների: Ես այսօր հաճախ եմ աղոթում ու դիմում Աստծուն, որ ազատի մեզ այս չարիքից: Ազատի թալանչիներից, հանցագործներից: Վերջերս ստիպված եմ դիմել նաեւ Նժդեհին, ասելով՝ աղաչում եմ, արի եւ փրկիր մեզ այսօրվա նժդեհականներից, որոնք արատավորել ու խեղաթյուրել են քո վեհ գաղափարները»:

«Չորրորդ իշխանություն»֊-ը իր վերջին էջում «Աստղագուշակ» երկիծական խորագրի ներքո փորձում է կանխագուշակել Հայաստանի արտգործնախարարի ճակատագիրը առաջիկա օրերին: Եվ այսպես՝ «Վարդան Օսկանյան: Կենդանակերպի նշանը՝ Մույս: Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը խիստ հակասական կլինի: Երկուշաբթի օրը ԱՄՆ-֊ի Պետդեպարտամենտը կփոխի զեկույցը: Երեքշաբթի օրը կհայտարարեք, որ խմբագրական սխալ է եղել, զեկույցում պետք է լիներ ոչ թե «Հայաստանը օկուպացրել է Ղարաբաղը», այլ «Ղարաբաղը օկուպացրել է Հայաստանը»: Չորեքշաբթի օրը ԱՄՆ-֊ի Պետդեպարտամենտը նորից կփոխի զեկույցը: Հինգշաբթի օրը կհայտարարեք, որ ԱՄՆ-֊ը նկատի ուներ հայկական դրամի կայունությունը, որովհետեւ «փոփոխություն» բառին անգլերեն թարգմանաբար ասում են «չեյնջ»: Եվ վերջապես ուրբաթը տարօրինակ օր է՝ պետդեպարտամենտը չի փոխի զեկույցը»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG