Մատչելիության հղումներ

Թուրքիայի իշխող կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրում է Աբդուլա Գյուլի թեկնածությունը


Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրում է արտգործնախարար Աբդուլա Գյուլի թեկնածությունը: Այդ մասին այսօր հայտարարել է վարչապետ Ռեջեփ Էրդողանը` հայտնելով, որ այդ որոշումն ընդունվել է կուսակցության անդամների շրջանում անցկացված հարցումների արդյունքների հիման վրա:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության վկայությամբ, Էրդողանը, համոզմունք հայտնելով, թե Գյուլի թեկնածությունն ընդունելի կլինի ամբողջ Թուրքիայի համար, միաժամանակ ընդգծել է. - «Անկասկած, վերջնական վճիռը մնում է խորհրդարանին: Խորհրդարանի վճիռը կլինի ժողովրդի վճիռը»:

Թուրքիայի նախագահին ընտրում է երկրի խորհրդարանը:

Ակնկալվում է, որ 550-տեղանոց խորհրդարանը, որտեղ մեծամասնություն են կազմում «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչները, ուրբաթ օրը մեկնարկող նախագահական ընտրություններում նախապատվությունը կտա Գյուլին:

Ամիսներ շարունակ Թուրքիայում քննարկվում էր այն հարցը, թե արդյոք նախագահի պաշտոնում առաջադրվելո՞ւ է վարչապետ Էրդողանը, ում իսլամիստական հայացքները քննադատվում են թուրք հանրության եւ զինվորականության կողմից:

Թուրքիայի ներկայիս նախագահ Ահմեդ Սեզերը, որը աշխարհիկ ուղեգծի կողմնակից է, լիազորությունները վայր կդնի մայիսի 16-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG