Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարար է նշանակվելու Միքայել Հարությունյանը


Այսօր Հայաստանի պաշտպանության նոր նախարար է նշանակվելու Միքայել Հարությունյանը, որը մինչեւ այժմ կատարում էր նախարարի պարտականությունները: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը:

Գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը ծնվել է 1946 թվականին Ադրբեջանի Շեմախի շրջանի Սագիյան գյուղում: Ավարտել է Բաքվի բարձրագույն զինվորական համազորային հրամանատարական ուսումնարանը, Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի հետախուզական ֆակուլտետը եւ ԽՍՀՄ-ի զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան:

1994 թվականից զբաղեցրել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի եւ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը:

Պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանի` վարչապետ նշանակվելուց հետո դարձել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք իր նշանակվելուց հետո բանակում փոփոխություններ են լինելու, Միքայել Հարությունյանը պատասխանեց.֊ - «Բանակն այնպիսի երեւույթ է, որ միշտ էլ փոփոխություններ լինում են»:

Խոսելով պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու հնարավորության մասին` Միքայել Հարությունյանն ասաց.֊ - «Չկա մի գեներալ, որը չմտածի պրոֆեսիոնալ բանակի մասին: Բայց պրոֆեսիոնալ բանակ ունենալու համար անհրաժեշտ է, որ տնտեսությունը լավ զարգանա»:

Պաշտպանության նախարարության խոսնակ Սեյրան Շահսուվարյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր հայտնեց, որ ըստ նախարարության կանոնադրության՝ գլխավոր շտաբի պետի պաշտոնը թափուր մնալու դեպքում այն զբաղեցնում է գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը: Հետեւաբար՝ Միքայել Հարությունյանի նախարար նշանակվելուց հետո գլխավոր շտաբի պետի պաշտոնը կզբաղեցնի Էնրիկո Ապրիամովը:

Մայիսի 12֊-ի խորհրդարանական ընտրություններից հետո կառավարությունը վայր է դնելու իր լիազորությունները:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG