Մատչելիության հղումներ

Գորան Լենմարկերը հակամարտությունների կարգավորման եվրոպական մոդելն առաջարկում է ղարաբաղյան հակամարտության համար


ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իր պատրաստած հաշվետվությունում կարծիք է հայտնել, թե «հակամարտությունների կարգավորման եվրոպական մոդելը` հիմնված մարդու իրավունքների հարգման վրա, կարող է ծառայել Հարավային Կովկասում առկա հակամարտությունների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը»:

Ադրբեջանական APA գործակալության վկայությամբ, Լենմարկերը, նշելով, որ ժամանակը հակամարտության կողմերից որեւէ մեկի օգտին չի աշխատում, ընդգծել է. - «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ նոր պատերազմի մասին խոսք լինել չի կարող: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի ոչ թե ուժով կամ երկակի չափանիշների հիման վրա, այլ միջազգային իրավունքների եւ եվրոպական արժեքների շրջանակներում»:

Մասնավորապես, շվեդ խորհրդարանականի կարծիքով, հարավկովկասյան հակամարտությունների կարգավորման գործում կարող է կիրառվել Մերձբալթյան երկրների փորձը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը անցյալի ժառանգությունն է. Ադրբեջանը եւ Հայաստանը, որոնք երկար տարիներ տառապել են օկուպացումից եւ թշնամանքից, պետք է վստահ լինեն, որ պատմական իրողությունները այլեւս չեն կրկնվի», - ասված է փաստաթղթում: - «Երկու կողմերը, թեեւ խոսում են հակամարտության պատմական արմատների մասին, տարբեր կերպ են մեկնաբանում դրա էությունը»:

«Ադրբեջանը եւ Հայաստանը պետք է ընդհանուր հայտարարի գան անցյալում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ: Դա շատ կարեւոր է արդարության հասնելու համար», - ամփոփել է ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG