Մատչելիության հղումներ

Պետբյուջեով նախատեսված 9 տոկոսի փոխարեն առաջին եռամսյակում գրանցվել է 11 տոկոս տնտեսական աճ


Պետական բյուջեով նախատեսված 9 տոկոս տնտեսական աճի փոխարեն 2007 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է 11 տոկոս աճ, ինչի հետեւանքով առաջացել է ծրագրերը վերանայելու անհրաժեշտություն: Այս մասին հայտնել է Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը երկուշաբթի օրը նախագահ Ռոբերտ Քոչարյանի անցկացրած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են նաեւ երկրի վարչապետը, ազգային վիճակագրական եւ հարկային պետական ծառայությունների, մաքսային պետական կոմիտեի ղեկավարները, այլ պաշտոնյաներ:

Ռոբերտ Քոչարյանի խոսքերով, առաջին եռամսյակը ցույց է տվել, որ տնտեսական աճն ավելի բարձր ցուցանիշներ ունի, քան պլանավորված էր բյուջեով. դա դրական երեւույթ է, որը շարունակվում է արդեն 7-րդ տարին:

«Այս տարին նախընտրական է, եւ ես կրկնակի դրական միտում եմ այստեղ տեսնում, որ բիզնեսը եւ տնտեսությունը մտահոգություններ չունեն նախընտրական ընթացքի հետ եւ վստահություն ունեն, որ բիզնեսի, ձեռնարկատիրության զարգացման մեր քաղաքականությունն անփոփոխ է լինելու, եւ այստեղ վստահությունը հավանաբար մեծ է», - ընդգծել է նախագահը:

Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ դեռեւս կան լուրջ ռեզերվներ, եւ պետք է աշխատել այդ ուղղությամբ: Հարկային եւ մաքսային կառույցների առաջնահերթ խնդիրը համարելով «ստվերի» դեմ անհաշտ պայքարը` երկրի ղեկավարը նշել է, որ այն արդյունավետ կարող է լինել միայն այն դեպքում, եթե ընթանում է արդար ճանապարհով, վերաբերում է բոլորին եւ հավասար պայմաններ է ապահովում տնտեսվարող բոլոր սուբյեկտների համար:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Քոչարյանը շեշտել է, որ հարկային եւ մաքսային մարմինների գործունեությունն ու առաջադրված խնդիրների լուծումը շարունակելու են մնալ իր ուշադրության կենտրոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG