Մատչելիության հղումներ

Ամերիկահայ համայնքը Հայոց ցեղասպանության 92-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ է ծրագրել


Հայոց ցեղասպանության 92-րդ տարելիցի կապակցությամբ Ամերիկայի հայկական համայնքներում ծրագրված են բազմաթիվ միջոցառումներ:

Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը` ապրիլի 24-ին նախատեսված են ցույցեր ու երթեր, բողոքի ցույց Լոս Անջելեսում թուրքական հյուպատոսության առջեւ, հավաքներ ցեղասպանության զոհերի հուշարձանների մոտ Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Մոնտեբելոյում, Սանտա Աննայում, Լիթլ Արմենիայում եւ այլ քաղաքներում, մոմավառություն` Սան Դիեգոյում, դասախոսություններ` Բերկլիի, Հարավային Կալիֆորնիայի, Սթենֆորդի համալսարաններում, Գլենդեյլում` թուրք առաջադեմ մտավորական, պատմաբան Թաներ Աքչամի մասնակցությամբ, սգո եւ հիշատակի համերգներ:

Սգո արարողություններ են նախատեսված հայկական բոլոր եկեղեցիներում:

Միջոցառումների շարքը սկսվել է կիրակի օրը Նյու Յորքի «Թայմ» հրապարակում մի քանի հազար մարդու մասնակցությամբ անցկացված բողոքի ցույցով, որը նախաձեռնել էին Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, Ամերիկայի հայկական համագումարը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը եւ «Վարդանանց քույրեր ու եղբայրներ» կազմակերպությունը:

Շուրջ երկու ժամ տեւած ցույցի ժամանակ ելույթներ են ունեցել հայկական համայնքների ղեկավարներ, ամերիկացի սենատորներ Չարլզ Շումերը եւ Ռոբերտ Մենենդեսը, Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենկ Փալոունը, Ադամ Շիֆը եւ Քարոլին Մալոնին, Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը, ովքեր Հայոց ցեղասպանության ժխտման դեմ են արտահայտվել եւ կարեւորել են ամերիկյան Կոնգրեսի կողմից ցեղասպանությունը վերահաստատող բանաձեւի ընդունումը:

Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում խորհրդանշական համարեց, որ Կոնգրեսի երկու պալատներին ներկայացված` Հայոց ցեղասպանությունը վերահաստատող բանաձեւերի նախագծերը կրում են նույն համարը` 106:

«Հարկավոր է, որպեսզի հայությունը ակտիվություն ցուցաբերի` նամակներով, ֆաքսով հորդորելով կոնգրեսականներին կողմ քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին», - ասաց Արդունին:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG