Մատչելիության հղումներ

Ռոման Աբրամովիչը շարունակում է գլխավորել ռուսաստանյան «Ֆորբս»-ի ցուցակը


Ռոման Աբրամովիչը մնում է ամենահարուստ ռուսաստանցին: Համաձայն ռուսաստանցի 100 մեծահարուստների ցուցակի, որ ուրբաթ օրը հրապարակելու է «Ֆորբս» հանդեսի ռուսաստանյան տարբերակը, Չուկոտկայի նահանգապետի կարողությունը գնահատվում է 19,2 միլիարդ դոլար:

Ինչպես նշված է «Ֆորբս»-ի տարածած հաղորդագրությունում, մեկ տարվա ընթացքում ցուցակում ընդգրկվածների հանրագումարային կարողությունը աճել է 36 տոկոսով եւ 248 միլիարդ դոլարից հասել 337 միլիարդի` 6 անգամ գերազանցելով երկրի համախառն ներքին արդյունքի աճի տեմպերը:

«Ոսկե հարյուրյակի» մասնակիցը «կշռում է» միջինը 3,4 միլիարդ դոլար», - ասված է հաղորդագրությունում:

«2004 թվականին ցուցակում ընդգրկվածներից 41-ը առնչություն ունեին նավթի եւ գազի հետ: Ներկայիս ցուցակում այդպիսիք 18-ն են: Ցուցակում 13 «նորեկներ» են եւ մեկ ձեռնարկատեր, ով «ոսկե հարյուրյակ» է վերադարձել մեկամյա բացակայությունից հետո: Շահել են շինարարները եւ մանրածախ առեւտրով զբաղվողները, տանուլ են տվել են գյուղատնտեսությունում եւ ածխաջրածինների արդյունահանման մեջ ներդրողները», - նշում է «Ֆորբս»-ի ռուսաստանյան խմբագրությունը:

«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, ցուցակում ընդգրկվածների միջին տարիքը 45 տարեկան է, մինչդեռ աշխարհի միլիարդատերերի ցուցակում ընդգրկվածների միջին տարիքն է 62 տարեկանը:

Ցուցակում ընդգրկվածներից ամենաերիտասարդը «Բինբանկ»-ի 34-ամյա նախագահ Միխայիլ Շիշխանովն է, ում կարողությունը 790 միլիոն դոլար է, ամենատարեցը` «Ավիսմա» ընկերության գլխավոր տնօրեն, 74-ամյա Վլադիսլավ Տետյուխինը` 740 միլիոն դոլար կարողությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG