Մատչելիության հղումներ

Վիրջինիայի սպանդն իրականացրել է հարավկորեացի 23-ամյա ուսանողը


ԱՄՆ-ի իշխանությունները երեքշաբթի օրը հայտարարեցին, որ Վիրջինիա նահանգի պոլիտեխնիկական համալսարանում սպանդն իրականացրել է այդ հաստատության 23-ամյա ուսանող Չո Սյոնգ Հյուին, ով ընտանիքի հետ մանուկ հասակում էր Հարավային Կորեայից տեղափոխվել ԱՄՆ:

Պարզվել է նաեւ, որ ատրճանակը Չոն գնել էր մեկ ամիս առաջ` օրինական ճանապարհով. նման զենքեր այստեղ կարող է գնել մշտական բնակության իրավունք ունեցող յուրաքանչյուր չափահաս, եթե նախկինում թույլ չի տվել որեւէ զանցանք:

Ներկայումս իրավապահները փորձում են պարզել, թե ի՞նչը դրդեց անգլերեն լեզվի բաժնի ուսանողին սպանել իր դասընկերներին եւ դասախոսներին, ապա` ինքնասպան լինել:

Ոմանք պատմում են, որ Չոն ընդունում էր հակադեպրեսիոն դեղամիջոցներ: Շատերի վկայությամբ` նա միայնակ էր ու անտարբեր, սակայն երբեմն` կատաղի ու ինքնակորույս:

Ուսանող ընկերները պատմում են Չոի դասարանական տարօրինակ աշխատանքների մասին, հատկապես` նրա գրած այն պիեսի, որում մեծ տեղ են գտել բռնություններն ու սպանությունները:

Պրոֆեսորներից մեկն ասել է, թե Չոի գրվածքները այնքան մտահոգիչ էին, որ նրան ժամանակին ուղարկել են համալսարանի հոգեբանի մոտ:

Երկուշաբթի օրը Չո Սյոնգ Հյուին, ներխուժելով ուսանողական ավան եւ կրակոցներ արձակել նախ հանրակացարանում` սպանելով երկու մարդու, ապա երկուեւկես ժամ անց` լսարանների մասնաշենքում, ուր սպանվածների թիվը հասել է երեք տասնյակի, նույնքան մարդ էլ վիրավորվել է: Այդ ամենից հետո նա ինքնասպան է եղել:

Սա կրթական հաստատություններում ամենաարյունալի կոտորածն է Միացյալ Նահանգների պատմության մեջ:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG