Մատչելիության հղումներ

Կալանավորվել է պատգամավոր Հակոբ Հակոբյանի կողմնակիցներից մեկը


Չնայած թիվ 19 ընտրատարածքում (Էջմիածին) երկու թեկնածու է մնացել ընտրապայքարում, կրքերն այստեղ, այդուհանդերձ, չեն հանդարտվում: Անցած շաբաթավերջին կալանավորվել է Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանի կողմնակիցներից մեկը` Նշան Ասլանյանը:

Ասլանյանը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Գլխավոր դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանը, մեղադրվում է խաբեությամբ, բռնություն գործադրելու միջոցով Սահակ Ղազարյանին առեւանգելու մեջ:

Սահակ Ղազարյանը Վանիկ Ղազարյանի հայրն է, ով դիմել էր թիվ 19 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով եւ հայտարարել, որ չի ստորագրել Հակոբ Ռաֆիկի Հակոբյանի օգտին հավաքվող ստորագրությունների ցուցակում:

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը ապրիլի 10-ին անվավեր ճանաչեց թիվ 19 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածուներ Հակոբ Ռաֆիկի Հակոբյանի եւ Սուսաննա Հարությունյանի թեկնածությունները գրանցելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը` գտնելով, որ նրանց առաջադրումը պաշտպանող ստորագրությունների թվում եղել են կեղծված ստորագրություններ: Վանիկ Ղազարյանը այն երկու անձանցից մեկն է, ովքեր դատարանում ցուցմունք են տվել, որ չեն ստորագրել ԸԸՀ-ին ներկայացված ցուցակներում:

Նույն մեղադրանքը (խաբեությամբ, բռնություն գործադրելու միջոցով Սահակ Ղազարյանին առեւանգելու մեջ) նաեւ պատգամավոր Հակոբ Հակոբյանին է առաջադրվել` թե նա բռնությամբ Սահակ Ղազարյանին նստեցրել է իր ավտոմեքենան, տարել իրեն պատկանող «Զվարթնոց» համալիր եւ 5 հազար դոլար կաշառք առաջարկել նրան` պայմանով, որ որդին չգնա դատարան եւ իր դեմ ցուցմունք չտա:

Հակոբ Հակոբյանին կալանելու միջնորդություն առայժմ չի արվել:

Ընտրապայքարից դուրս մնացած պատգամավորը իր անձի դեմ սկսած արշավի հեղինակ է համարում Սեյրան Սարոյանին:

«Սա քաղաքական հետապնդում է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հակոբյանը: - «Սեյրան Սարոյանը վախկոտի մեկն է... Իր ցուցումով մարդիկ են կալանավորվում: Թաքուն մարդկանց վախեցնելով` նա ոչ հեղինակություն կարող է ձեռք բերել, ոչ էլ ունի այդ հեղինակությունը»:

Սեյրան Սարոյանը հրաժարվեց հարցազրույց տալ «Ազատություն» ռադիոկայանին:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG