Մատչելիության հղումներ

«Նյու Յորք Թայմս». «Լռեցնելով ցեղասպանության մասին խոսակցությունները` թուրքերը ավելի մեծ ուշադրության են արժանացնում այդ հարցը»


«Նյու Յորք Թայմս»-֊ը իր այսօրվա խմբագրականում փաստում է, որ փորձելով լռեցնել Հայոց ցեղասպանության մասին խոսակցությունները` թուրքերը ավելի մեծ ուշադրության են արժանացնում այդ հարցը:

«Տարօրինակ է, որ Թուրքիայի առաջնորդները մինչեւ հիմա չեն գիտակցել, որ ամեն անգամ, երբ նրանք փորձում են գրաքննել Հայոց ցեղասպանության շուրջ քննարկումները, նրանք միայն ավելի մեծ ուշադրության են արժանացնում այդ հարցը եւ այժմյան ժողովրդավարական Թուրքիան կապում են անցյալի ոճրագործության հետ»,֊ - գրում է ամերիկյան հեղինակավոր թերթը:

«Թուրքիան երկար ժամանակ փորձում է հերքել Հայոց ցեղասպանությունը: Նույնիսկ արդի Թուրքական հանրապետությունում, որը սպանությունների հետ առնչություն չունի, «ցեղասպանություն» բառի օգտագործումը կատարվածի առնչությամբ համարվում է լուրջ հանցանք: Եվ ավելի ամոթալի է, որ ՄԱԿ֊-ի պաշտոնյաները ընկրկում են Թուրքիայի պահանջների առջեւ եւ հետաձգում են ՄԱԿ-֊ի կենտրոնակայանում նախատեսված ցուցահանդեսը՝ Ռուանդայի ցեղասպանության 13-֊րդ տարելիցի առթիվ, որովհետեւ այնտեղ նշվում են հայերի զանգվածային սպանությունները»,֊ - փաստում է «Նյու Յորք Թայմս»-֊ը:

«Անկարային զայրացրել է այն նախադասությունը, որով բացատրվում է, թե ինչպես է ցեղասպանությունը միջազգային օրենքով ճանաչվել ոճրագործություն. - «Առաջին աշխարհամարտից հետո, որի ընթացքում Թուրքիայում սպանվեց մեկ միլիոն հայ, լեհ փաստաբան Ռաֆայել Լեմկինը հորդորել է Ազգերի լիգային ճանաչել բարբարոսության աստիճանի հասնող ոճիրները որպես միջազգային հանցանք»: Ցուցահանդեսի կազմակերպիչը՝ ցեղասպանության դեմ պայքարող բրիտանական խումբը, համաձայնեց հանել «Թուրքիայում» բառը: Բայց դա բավարար չեղավ ՄԱԿ֊-ի նոր, երկչոտ ղեկավարության համար, եւ ցուցահանդեսի բացումը հետաձգվեց անորոշ ժամանակով»,֊ - նշվում է օրաթերթի խմբագրականում:

«ՄԱԿ֊-ի գլխավոր քարտուղար Բան Կի֊-մունը եւ նրա նոր, անփորձ թիմը կրկին ցույց տվեցին, որ շատ բան ունեն սովորելու, եթե ուզում են պատվով եւ արդյունավետորեն ծառայել ՄԱԿ֊-ին, որը պետք է լինի միջազգային օրենքի մարմնավորում եւ ցեղասպանության դեմ հնչեցվող առաջատար ձայն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG