Մատչելիության հղումներ

Մեղադրանք է առաջադրվել Դինքի սպանության գործով 11-րդ կասկածյալին


Ստամբուլի դատարանը չորեքշաբթի օրը մեղադրանք է առաջադրել «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով 11-րդ կասկածյալին: «Անատոլիա» լրատվական գործակալության վկայությամբ` Մուսթաֆա Օզթուրքը մեղադրվում է սպանությանը հանցակցության եւ հանցավոր խմբավորմանը օժանդակության համար:

Օզթուրքին ոստիկանությունը հարցաքննել էր դեռ փետրվարին, ինչից հետո նա դատարանի կողմից ազատ էր արձակվել, սակայն քննությունը վարող դատախազը բողոքարկել էր այդ վճիռը եւ կալանքի օրդեր էր ստացել:

Մուսթաֆա Օզթուրքը ձերբակալվել էր անցած ամիս Էրզրումում` մի տան խուզարկության ժամանակ:

Հրանտ Դինքը սպանվել է այս տարվա հունվարի 19-ին` «Ակոս»-ի խմբագրատան դիմաց:

Սպանության գործով մեղադրանք է առաջադրվել 11 մարդու, որոնց ճնշող մեծամասնությունը, այդ թվում սպանությունն իրականացրած 17-ամյա Օգյուն Սամասթը, տրապիզոնցի ծայրահեղ ազգայնականներ են:

Թուրք ազգայնականները Դինքին «դավաճան» էին որակում 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածները ցեղասպանություն անվանելու համար: Նա քանիցս դատարանի առջեւ էր կանգնել Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով` «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար, իսկ անցյալ տարի 6 ամսվա պայմանական ազատազրկման էր դատապարտվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG