Մատչելիության հղումներ

Դելավարի Գլխավոր վեհաժողովը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր


Ամերիկյան Դելավար նահանգի Գլխավոր վեհաժողովը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության համաձայն, Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Ջոն Կովալկոյի ներկայացրած բանաձեւի նախագիծը գարնանային արձակուրդից առաջ նահանգային խորհրդարանի վերջին նիստում ընդունվել է առանց առարկությունների:

Դելավարն արդեն իսկ Հայոց ցեղասպանությունը ճանաչած ամերիկյան 38 նահանգների թվում էր, քանի որ նահանգի խորհրդարանի վերին պալատը` Սենատը, ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ ընդունել էր դեռ 1995 թվականին:

Ներկայացուցիչների պալատը ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող բանաձեւը ընդունել է անցած շաբաթ, ինչով ցեղասպանության պաշտոնական ճանաչումը Դելավարի Գլխավոր վեհաժողովի կողմից ամբողջացավ:

Ընդունված բանաձեւում նշված է, որ 1915 թվականին եւ հաջորդած տարիներին Օսմանյան կայսրության կողմից գործադրված ցեղասպանության զոհ են դարձել շուրջ 1,5 միլիոն հայեր, եւ որ «հայ ժողովրդի կոտորածը ուղեկցվել է եկեղեցիների, դպրոցների, գրադարանների, արվեստի գանձարանների, մշակութային հուշարձանների սիստեմատիկ ոչնչացմամբ` ջնջելու համար 3 հազար տարուց ավելի պատմություն ունեցող մի վեհ քաղաքակրթության բոլոր հետքերը»:

Բանաձեւի պատճենները հղվելու են ԱՄՆ-ի նախագահին եւ ամերիկյան Կոնգրեսում Դելավարը ներկայացնող խորհրդարանականներին, այդ թվում` Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջո Բայդենին:

Ամերիկյան Կոնգրեսի երկու պալատներում ներկայումս շրջանառվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւի նախագիծը:

(լուսանկարում` Ջո Բայդեն եւ Ջոն Կովալկո)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG