Մատչելիության հղումներ

Ամերիկյան համալսարանում նախատեսված հայ - թուրքական համատեղ համերգը չեղյալ է հայտարարվել


Հայ - թուրքական համատեղ համերգը, որը Միացյալ Նահանգների Բրաուն համալսարանում պետք է անցկացվեր ուրբաթ օրը, չեղյալ է հայտարարվել` անսալով հայ համայնքի անդամներից ստացված բողոքներին:

Համերգի կազմակերպիչներն էին Հայ ուսանողների միությունը եւ Թուրքական մշակութային ընկերությունը:

«Բրաուն դեյլի»-ի փոխանցմամբ, համերգը կոչվում էր «Օսմանյան ժամանակաշրջանի հայ կոմպոզիտորները» եւ նպատակ ուներ նպաստել երկու համայնքների միջեւ երկխոսությանը: Համատեղ համերգը նվիրվելու էր Ստամբուլի «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի հիշատակին:

Թուրքական մշակութային ընկերության անդամներից մեկը թերթին հղած նամակում գրել է, թե հայ երաժիշտներն ու Հայ ուսանողների միության նախագահը փորձել են դիմակայել նախազգուշական հաղորդագրություններին, որ նրանք ստանում էին, սակայն իրավիճակը գնալով լրջանում էր, եւ երաժիշտները, հետեւելով Հայ ուսանողների միությանը, հրաժարվել են մասնակցել միջոցառմանը:

«Երաժիշտները եւ Հայ ուսանողների միությունը հիմա շատ դժվարին վիճակում են հայտնվել իրենց համայնքի մի մասի առջեւ», - թերթին գրել է Թուրքական մշակութային ընկերության անդամներից մեկը, որը չի հրապարակել իր անունը:

Հայ ուսանողների միության նախագահ Ռուբեն Իզմայիլյանը, հրաժարվելով մեկնաբանություններից, ասել է, թե հիասթափված է, որ համերգը չեղյալ է հայտարարվել:

«Թուրքական մշակութային ընկերությունը նույնպես ցավում է, որ համերգը տեղի չի ունենա», - թերթին գրում է ընկերության ներկայացուցիչը: Նրա կարծիքով, հայ - թուրքական հարաբերությունները կարգավորելու համար առողջ, կառուցողական երկխոսության կարիք կա:

Բրաուն համալսարանի ուսանողները եւս ափսոսանք են հայտնել համատեղ համերգի չկայանալու առնչությամբ:

«Մենք գիտենք, միամտություն կլինի մտածել, թե Բրաուն համալսարանի այս համատեղ ջանքերով կփակվի երկու համայնքների միջեւ գոյություն ունեցող լայն ճեղքվածքը: Մեծ լարվածության պատճառը 20-րդ դարասկզբի զանգվածային ջարդերն են, որոնք Հայոց ցեղասպանություն են կոչվում, ու նման գնահատականները գնալով ավելանում են», - գրում են ուսանողները` հույս հայտնելով, այդուհանդերձ, որ «հայերն ու թուրքերը կարող են հասկանալ միմյանց անհատապես, կամ տեղական մակարդակով, իրենց ազգային համայնքներով»:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG