Մատչելիության հղումներ

Դատարանը անվավեր ճանաչեց Հակոբյանի եւ Հարությունյանի թեկնածությունների գրանցումը


Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը երեքշաբթի օրը անվավեր ճանաչեց Էջմիածնում` թիվ 19 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածուներ Հակոբ Ռաֆիկի Հակոբյանի եւ Սուսաննա Հարությունյանի թեկնածությունները գրանցելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը` բավարարելով նույն ընտրատարածքում առաջադրված թեկնածուի` Երեւանի Արաբկիր համայնքի ղեկավարի օգնական Հակոբ Հակոբյանի հայցը:

Անցած շաբաթ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մեծ դժվարությամբ էր գրանցել հիշյալ երկու թեկնածուներին` պնդելով, որ նրանց առաջադրումը պաշտպանող ստորագրությունների թվում կան կեղծված ստորագրություններ:

Թիվ 19 ընտրատարածքում մնացին պատգամավորության երկու թեկնածու` Երեւանի Արաբկիր համայնքի ղեկավարի օգնական Հակոբ Հակոբյանը եւ պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանը:

Դատարանի վճռի հրապարակումից հետո Հակոբ Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ այս ամենը արվել է Սեյրան Սարոյանի համար ճանապարհ բացվի դեպի «կնոպկա սեղմելու դաշտ»:

«Ես չեմ մնալու քաղաքականության մեջ: Երկրից գնալու եմ. չեմ ցանկանում այս երկրում ապրել այսպիսի մարդկանց կողքին», - հավելեց նա:

Հիշեցմանը, որ իր նկատմամբ երկու քրեական գործ կա հարուցված, Հակոբյանը արձագանքեց. - «Եթե ես կդատապարտվեմ, դատից հետո կգնամ: Համենայն դեպս, իմ ընտանիքի անդամներին շուտով ես ուղարկելու եմ»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG