Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի կառավարության ֆինանսավորմամբ վերազինվել է Հայաստանի ատոմակայանի ֆիզիկական անվտանգության համակարգը


Հայաստանի ատոմային էլեկտրակայանում (ՀԱԷԿ) այսօր բացվել է ֆիզիկական անվտանգության նորովի վերազինված համակարգը, որը ձեւավորվել է ԱՄՆ-ի էներգետիկայի դեպարտամենտի 3,5 միլիոն դոլարի տեխնիկական ու ֆինանսական աջակցության հաշվին ու ներառում է մուտքի վերահսկման ենթակառուցվածքներ, անցագրեր ու տեսահսկում:

Ինչպես տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնից, բացման արարողության ժամանակ փոխդեսպանի պաշտոնակատար Ռոբին Ֆիլիփսը, մասնավորապես, գնահատել է «ատոմակայանի անվտանգ գործարկման պահանջներին Հայաստանի կառավարության հավատարիմ լինելը, որին զուգահեռ նաեւ իրականացվում են ատոմակայանը շահագործումից հանելուն ուղղված քայլեր»:

«Միջուկային անվտանգությունը հատկապես կարեւորվում է` հաշվի առնելով ներկայիս վտանգներն ու այն հանգամանքը, որ ահաբեկիչները եւ մյուսները կարող են փորձել միջուկային նյութերն օգտագործել անմեղ մարդկանց դեմ», - ընդգծել է փոխդեսպանը` հավելելով. - «Անվտանգության համակարգի վերազինումից զատ կարեւոր է, որ Հայաստանի կառավարությունը շարունակի ատոմակայանում անվտանգության նորմերի պահպանման մշակույթի ձեւավորումը` ավարտին հասցնելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախանշած վերազինման աշխատանքներն ու էներգետիկ ոլորտի դրամական հոսքերից ստացվող միջոցների հաշվին բավարար ներդրումներ կատարելով ատոմակայանի անվտանգության ու պահպանման համար»:

Ռոբին Ֆիլիփսը նշել է նաեւ, որ 1996 թվականից ի վեր Միացյալ Նահանգների կառավարությունը տրամադրել է ավելի քան 35 միլիոն դոլար` Հայաստանի ատոմակայանը վերազինելու ու նախքան շահագործումից հանելը հնարավորինս անվտանգ գործարկելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG