Մատչելիության հղումներ

Բորիս Ֆռլեցը վերահաստատում է, որ հայաստանյան ընտրությունները «միջազգային հանրության ուշադրության կենտրոնում են»


Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ)` դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Բորիս Ֆռլեցը ուրբաթ օրը կրկին հայտարարեց, որ Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունները «միջազգային հանրության ուշադրության կենտրոնում են»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Ֆռլեցը հավաստիացրեց, որ փորձելու են իրենց հաշվետվություններն ու հայտարարությունները կազմել ձեռք բերված տեղեկությունների հիման վրա` պատշաճ կերպով ուսումնասիրելով եւ գնահատելով դրանք:

«Մենք այստեղ չենք գտնվում դիտարկելու, թե ով կընտրվի: Մենք այստեղ ենք նախեւառաջ նրա համար, թե ինչպես կանցնի ընտրական գործընթացը», - ասաց նա: - «Եթե այս ընտրությունները համապատասխանեն այն պարտավորություններին եւ կանոններին, որոնք ամրագրված են ԵԱՀԿ-ի ԺՀՄԻԳ-ի կանոնագրքերում, ապա մեր զեկույցները կլինեն կարճ իսկ աշխատանքը` ավելի հեշտ»:

Բորիս Ֆռլեցի փոխանցմամբ, իրենք արդեն իսկ սկսել են հանդիպումները քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ` համաձայն սահմանված հերթականության:

Հանդիպումներ են եղել նախ խորհրդարանում ներկայացված կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

«Ինքս արդեն հանդիպել եմ չորս կուսակցությունների` Հանրապետականի, ՀԺԿ-ի, «Ազգային միաբանության» եւ Դաշնակցության ներկայացուցիչների հետ», - ասաց նա` շարունակելով. - «Ես խոսել եմ նաեւ այլ կուսակցությունների, այդ թվում` «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարների հետ»:

Դեսպանը ասաց, որ պատրաստվում է հանդիպել Երեւանի քաղաքապետի հետ` քննարկելու, թե մայրաքաղաքի որ հատվածում եւ ինչպես է հնարավոր կազմակերպել եւ անցկացնել հանրահավաքներ. - «Ինձ համար շատ հստակ է, որ հանրահավաքները չեն կարող խանգարել այն ամենին, ինչ վաղօրոք ծրագրված է այդ տարածքում»:

Հարցին, թե արդյո՞ք իրենց նախնական դիտարկման ընթացքում արձանագրել են քաղաքական տարբեր ուժերի կողմից քաղաքացիներից անձնագրերի հավաքման դեպքեր, ինչի մասին բարձրաձայնում է ոչ միայն ընդդիմությունը, այլեւ իշխանության մաս կազմող Դաշնակցությունը, Բորիս Ֆռլեցը արձագանքեց. - «Մեր դիտարկումներն ամփոփված են միջանկյալ հաշվետվությունում եւ, ինչպես նկատեցիք, կոնկրետ այդ հարցն այնտեղ չի արտացոլվում: Սակայն մենք, ինչպես արդեն ասացի, դիտարկելու ենք ընտրությունների յուրաքանչյուր փուլ եւ, ես համոզված եմ, որ մենք կխորանանք նաեւ մի շարք պրոբլեմատիկ հարցերի մեջ»:

Բորիս Ֆռլեցի գնահատմամբ, փոփոխված Ընտրական օրեսնգիրքը ամուր հիմք է ծառայում ժողովրդավարական ընտրությունների իրականացման համար. - «Այստեղ հարց կա օրենսգրքի բարեխիղճ կիրառման եւ քաղաքական կամքի դրսեւորման»:

«Կարող եմ նշել, որ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնց հետ ես հանդիպել եմ, պատրաստակամություն են հայտնել նպաստել այս երկրում ազատ եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը եւ իրենց ուժերի ներածի չափով հասնել այդ նպատակին», - եզրափակեց ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության ղեկավարը` ավելորդ չհամարելով հիշեցնել, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները միջազգային հանրության ուշադրության կենտրոնում են:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG