Մատչելիության հղումներ

Այսօր կհրապարակվի գլոբալ ջերմացման վերաբերյալ հատուկ զեկույցը


ՄԱԿ-ի նախաձեռնությամբ ստեղծված գիտնականների խումբը այսօր Բրյուսելում կհրապարակի հատուկ զեկույց` երկրագնդի գլոբալ ջերմացման ու դրա հնարավոր հետեւանքների վերաբերյալ:

Ուսումնասիրության վրա աշխատել է մոտ 2 հազար փորձագետ` 6 տարի շարունակ, եւ հանգել է այն եզրակացությանը, որ գլոբալ ջերմացման հիմնական պատճառը «ջերմոցային էֆեկտն» է:

Զեկույցը բավական մտահոգիչ կանխատեսումներ է ներկայացնում. դրանց համաձայն, մասնավորապես, երկրագնդի յուրաքանչյուր երկրորդ բնակիչ մոտ ապագայում արդեն իր մաշկի վրա կզգա կլիմայի փոփոխությունների ազդեցությունը:

Մասնագետների կանխատեսմամբ, 21-րդ դարի վերջին ամբողջ աշխարհում միջին ջերմաստիճանը կավելանա 2-4 աստիճանով, մոտ 3 միլիարդ մարդ ստիպված կլինի ապրել ջրի պակասի, կես միլիոնը` սովի պայմաններում:

Բնակլիմայական լուրջ փոփոխությունների արդյունքում կբարձրանա ջրի մակարդակը օվկիանոսներում ու ծովերում, Միջերկրականի տարածաշրջանում կսկսվի երաշտ, Ալպյան հանգստավայրերում ձյունը կհալվի, Եվրոպայով մեկ կտարածվեն արեւադարձային հիվանդություններ:

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամն էլ հրապարակել է բնության այն 10 հրաշալիքների ցանկը, որոնք գլոբալ ջերմացման հետեւանքով կանգնած են վերացման վտանգի առջեւ: Դրանց թվում են Ավստրալիայի հյուսիս-արեւելքում ձգվող կորալյան կղզիների ու խութերի շարքը, Չինաստանի Յանցզի գետը, Մեքսիկայի հյուսիսում գտնվող աշխարհի ամենահարուստ անապատն ու Հիմալայները:

Հետազոտության հեղինակները փաստում են` մարդկությանն ու նշված հրաշալիքներին սպառնացող աղետների մեծ մասը կարելի է կանխել, եթե այսօրվանից արդեն պետությունները սկսեն կրճատել գազի արտանետումները:

Անսալով այս կոչերին` հինգշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայտարարել է, թե իր պատմության մեջ առաջին անգամ այս ամսվա վերջին մտադիր է քննարկել նաեւ կլիմայի փոփոխությանը վերաբերող հարցեր:

«Գլոբալ ջերմացումը հաջորդ դարաշրջանում մարդկությանը նետված ամենալուրջ մարտահրավերներից մեկն է լինելու, եւ մենք այսօր արդեն պարտավոր ենք համապատասխան միջոցներ ձեռք առնել` դրա դեմ պայքարելու համար», - հայտարարել է Անվտանգության խորհրդում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG