Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը իր առաջնորդողում «Հանուն «մաքուր» ընտրությունների» խորագրի ներքո փոխանցում է. - «ԱԺ պատգամավոր եւ պատգամավորության թեկնածու Վահրամ Բաղդասարյանը, հավանաբար, ճիշտ է տրամաբանել` մտածելով, որ մաքուր ընտրություններ կարող են անցկացնել միայն մաքուր քաղաքացիները, նաեւ` ֆիզիկապես: Այդ նպատակով նրա ղեկավարած հասարակական կազմակերպությունը արդեն երկու տարի է, ինչ վանաձորցի ընտրողներին բաղնիքում լողանալու անվճար կտրոններ է բաժանում»: «Այդ նուրբ եւ, կարելի է ասել` բուրավետ քաղաքական տեխնոլոգիան, ըստ երեւույթին, ներազդում է նրանց վրա, ովքեր տանը լողանալու հնարավորություն չունեն», - եզրակացնում է թերթը:

«Ազգ»-ի տեղեկացմամբ, Ստավրոպոլ քաղաքի սեփական տներից մեկում անհայտ անձինք սպանել են հայ ընտանիքի երեք անդամների` 45-ամյա եւ 50-ամյա ամուսիններին եւ նրանցից մեկի 78-ամյա ծնողին: Շրջանի դատախազությունը ենթադրում է, որ սպանությունը դժվար թե պատվիրված լինի. հնարավոր է, որ այն տեղի է ունեցել կամ կողոպուտի, կամ` անձնական հակակրանքի պատճառով:

«Իրավունք»-ի վերլուծաբանը Սերժ Սարգսյանին վարչապետ նշանակելու փաստը Ռոբերտ Քոչարյանի համար «անչափ ձեռնտու» որոշում որակելով` պատճառաբանել է. - «Սերժ Սարգսյանի բրենդն իր «գորշ կարդինալ», ստվերային խաղացող լինելու մեջ է. առաջին գիծը նրա համար չէ, քաղաքացիական պաշտոնը՝ նույնպես։ Ավելի ստույգ՝ դա նրա բնական վիճակը չէ»։ «Տնտեսությամբ, սոցիալական հարցերով զբաղվող, կառավարության նիստեր վարող Սերժ Սարգսյանը այլ՝ ոչ ուժային «Սարգսյան» է, հաստատ՝ դժվար ընկալելի», - բնութագրել է վերլուծաբանն ու եզրակացրել. - «Ահա եւ ճիշտ «ժամն» է, որ Քոչարյանը հետ քաշվի ու էլի դառնա «դիտորդ» եւ ողջ պատասխանատվությունը արտաքին-ներքաղաքական, էլ առավել՝ ընտրությունների՝ «ազատ-արդար-թափանցիկ» անցկացման, թողնի Սերժ Սարգսյանի վրա»։

«Ինչո՞ւ է նվազում ԲՀԿ-ի գործոնը» հարցին ի պատասխան «Չորրորդ իշխանություն» թերթի մեկնաբանն այսօր փաստարկել է, թե վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահից հետո «նախապես մշակված սցենարում շտապ փոփոխություն մտցնելու անհրաժեշտություն առաջացավ, որովհետեւ եթե նախկինում վտանգ կար, որ Անդրանիկ Մարգարյանի եւ Գագիկ Ծառուկյանի թիմերը կարող են միավորվել ու պայքարել Քոչարյան - Սարգսյան զույգի դեմ, ապա Անդրանիկ Մարգարյանի մահից հետո վերջինիս թիմը պարզապես դադարեց գոյություն ունենալ՝ որպես առանձին միավոր։ Հետեւաբար՝ վերացավ նաեւ վտանգը, եւ Գագիկ Ծառուկյանի դերը կորցրեց իր նշանակությունը», - եզրակացրել է մեկնաբանը։

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, պնդելով, թե առաջիկա խորհրդարանում «որեւէ քաղաքական ուժ չի կարողանա առանձնաբար մեծամասնություն ստանալ»` «Հայոց Աշխարհ» թերթի հարցին ի պատասխան փոխանցել է. - «Իշխանություն ձեւավորելու համար այս անգամ եւս խորհրդարանում կոալիցիա կձեւավորվի։ Դժվար է ասել, թե ընտրություններից հետո ինչ քաղաքական համապատկեր կստեղծվի, ինչ պայմաններ կառաջանան եւ Դաշնակցությունն ինչ քաղաքական գործընկերներ կարող է ունենալ։ Եթե ձեւավորվի այն կառավարությունը, որը որոշումներ կայացնի առանց կոնսենսուսի, համախոհության, ապա Դաշնակցությունը այդ կոալիցիային չի մասնակցի»:

«Իսկական իրավունք» թերթը, ընտրությունների նախօրեին զննելով ընտրողների ռեգիստրը, արձանագրել է. - «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր ինտերնետային կայքում ազգաբնակչության տվյալները մուտքագրել է ոտուգլուխ, աներեւակայելի խառնված տաբերակով, առանց այբբենական կամ որեւէ այլ կարգ պահպանելու, ինչի հետեւանքով գործնականում անհնար է ստուգել, թե ինչ քանակով եւ որ հասցեներով ցուցակներում ընդգրկված են գերեզմանոցի «բնակիչները», հայրենիքը դրսում սիրողները, տվյալ ընտրատարածքից դուրս ապրողները, ինչպես նաեւ ընտրություններին մասնակցելու իրավունք չունեցող քաղաքացիները: Ստացվում է, որ անձնագրերի եւ վիզաների վարչությունը ջոկողություն է դնում համայնքների ղեկավարների եւ ԿԸՀ-ի միջեւ, առաջիններին տվյալները տալիս է դզած-փչած, ԿԸՀ-ին` խառըխշտիկ, որ հետագայում ընտրակեղծիքները հեշտ լինի կոծկել»։

«Ժամանակ - երեւան» թերթի խմբագրականը, անդրադառնալով հայաստանյան հեռուստաեթերում տիրող կացությանը, արձանագրել է. - «Հեռուստաընկերությունները վաղուց դադարել են մամուլի օրգաններ լինելուց եւ վերածվել են պետական, վարչական մեքենաների լծակների, որոնց խնդիրը ամենեւին էլ հանրությանը տեղեկություն հաղորդելը չէ, հասարակության կարծիքների արտահայտման ազատությունը ապահովելը չէ։ Եվ Հայաստանում այդ վիճակը ստեղծվել է այն ժամանակ, երբ 17 լրատվամիջոցներ ստորագրեցին ու տարածեցին նախագահական ապարատից պարտադրված ղազագիրը, որ իրենք ազատ ու անկախ են եւ իրենց վրա ոչ մի ճնշում չկա», - գրել է գլխավոր խմբագիրն ու հիշեցրել. - «Սա արվեց Ա1+ի հարցը վերջնականապես փակելու համար»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG