Մատչելիության հղումներ

Թուրքիան սառեցրել է Nabucco նախագծի շուրջ բանակցությունները «Գազ դը Ֆրանս»-ի հետ


Թուրքիան սառեցրել է Nabucco գազամուղի նախագծի շուրջ բանակցությունները «Գազ դը Ֆրանս» ընկերության հետ` ի պատասխան Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունման: Այդ մասին «Ռոյթերզ» գործակալությանը հայտնել է Թուրքիայի էներգետիկայի ոլորտի անանուն բարձրաստիճան պաշտոնյան:

«Մենք առկախելու ենք «Գազ դը Ֆրանս»-ի հետ գործընկերությունը` մինչեւ Ֆրանսիայի նախագահական ընտրությունները», - հայտարարել է թուրք պաշտոնյան: - «Մենք որոշում կկայացնենք` ելնելով այն քաղաքականությունից, որը կհաջորդի ընտրություններին»:

Այս տարի ավելի վաղ ձախողվել էին բանակցությունները ֆրանսիական «Տոտալ»-ի հետ` Nabucco-ում այդ ընկերության մասնաբաժին ունենալու հարցով:

Nabucco-ն 6,14 միլիարդ դոլար արժողությամբ նախագիծ է, որով նախատեսվում է Թուրքիայից Բուլղարիայի, Ռումինիայի եւ Հունգարիայի տարածքներով կասպիական եւ իրանական բնական գազ փոխադրել Ավստրիա` Ռուսաստանի գազից Եվրոպայի կախվածությունը նվազեցնելու նպատակով:

Նախագծում ընդգրկված մյուս 4 երկրները արդեն հաստատել են «Գազ դը Ֆրանս»-ի հետ համագործակցությունը:

Նախագծում գործընկերներ են բուլղարական «Բուլղարգազ», ռումինական «Տրանսգազ», հունգարական MOL, ավստրիական OMV եւ թուրքական «Բոթաս» ընկերությունները:

Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունել է անցյալ տարվա հոկտեմբերին:

Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության ուրացման համար մինչեւ մեկ տարվա ազատազրկում սահմանող օրինագիծը դեռեւս չի հաստատվել Սենատում եւ չի ստորագրվել Ֆրանսիայի նախագահի կողմից, ինչը անհրաժեշտ է դրա` օրենքի ուժ ստանալու համար:

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկու փուլերը նախատեսված են, համապատասխանաբար, ապրիլի վերջին եւ մայիսի սկզբին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG