Մատչելիության հղումներ

Արմեն Հարությունյան. «Դատարանները պետք է հնարավորինս անկախ լինեն»


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի 2006 թվականի զեկույցի համաձայն, ստացված բողոքների թվով առաջին տեղում է դատական համակարգը: Ի տարբերություն դատախազության եւ ոստիկանության, անցյալ տարի օմբուդսմենի եւ դատարանների միջեւ համագործակցություն չի եղել:

«Դատարանների նկատմամբ բողոքները ցույց են տալիս, որ դատական համակարգը, լինելով այն ատյանը, որը ամենահզորագույն ձեւով պետք է իրավունքների կողքին կանգնած լինի, ըստ էության` անվստահություն կա դատական գործունեության նկատմամբ: Եվ այստեղ իմ գնահատականը մեկն է` պետք է հնարավորինս անկախ լինել դատարանները», - օմբուդսմենի տարեկան զեկույցը լրագրողներին ներկայացնելիս ասաց Արմեն Հարությունյանը:

Բողոքների քանակով երկրորդ տեղում է քաղաքապետարանը: «Այդ կառույցի դեմ ուղղված բողոքները հիմնականում վերաբերում են՝ քաղաքապետի, քաղաքապետարանի աշխատակազմի եւ կառուցվածքային ստորաբաժանումների այնպիսի գործողություններին կամ անգործությանը, որոնցով՝ դիմումատուների պնդմամբ, խախտվել են իրենց սեփականության իրավունքները», - նշված է տարեկան զեկույցում: - «Բողոքները մասնավորապես, վերաբերել են ինքնակամ կառույցների եւ ինքնակամ զբաղեցրած հողատարածքների օրինականացմանը, սեփականության օգտագործման իրենց իրավունքը խախտող այլոց անօրինական գործողությունները չկանխելուն կամ դրանց հետեւանքները չվերացնելուն, սեփականության հարկադիր օտարման դեպքերում՝ ոչ լիարժեք փոխհատուցմանը, հողօգտագործման իրավունքի տրամադրման դեպքերում՝ խտրական մոտեցումներին եւ այլն»:

Արմեն Հարությունյանը գտնում է, թե ստացված բողոքները վատ վարչարարության, բյուրոկրատիզմի եւ քաշքշուկների արդյունք են:

Մեծ թիվ են կազմում նաեւ Երեւանի կառուցապատման ծրագրերի իրականացմանն առնչվող եւ սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարմանը վերաբերող խնդիրներով բողոքները:

«Ինչպես կարող է 4-5 տարվա ընթացքում սեփականության օտարման գործընթացում որեւէ քաղաքացի դատարաններում գոնե մեկ անգամ շահած չլինի», - տարակուսեց Հայաստանի օմբուդսմենը:

Մարդու իրավունքների պաշտպանը որոշել է այս տարի հատուկ հսկողություն սահմանել մայրաքաղաքի քաղաքապետարանի նկատմամբ, եւ հարկ եղած դեպքում հանդես գալ արտահերթ զեկույցներով, քանի որ քաղաքապետարանի կողմից քաղաքացիների իրավունքների ոտնահարումը, ըստ օմբուդսմենի աղաղակող բնույթ է կրում, իսկ փաստերով միջամտություններն էլ անարդյունք են եղել:

«Դատարանն էլ որոշում է, որ քաղաքապետը որտեղ ուզի շինարարություն կարող է թույլ տալ: ԾԻԳ-ի կառավարման խորհրդի նախագահն է քաղաքապետը, բայց որոշումներ է ընդունում դատարանի որոշումը չկատարելու մասին», - ասաց նա:

Ինչ վերաբերում է խոսքի ազատությանը, ապա օմբուդսմենի գնահատմամբ, Հայաստանում այն վտանգված է. - «Որովհետեւ այդքան ոտնձգությունները լրագրողների նկատմամբ 2006 թվականի ընթացքում չի կարող գնահատվել որպես դրական»:

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի կարծիքով, 2006 թվականի զեկույցում քիչ են պաշտպանի նախաձեռնությամբ ուսումնասիրության վերցված գործերը:

Բացի այդ, նախկին պաշտպանի բնորոշմամբ, պետք չէ քաղաքացիների իրավունքների ոտնահարման պատճառներն ամբողջապես կամ հիմնականում վերագրել օրենսդրական բացերին. - «Քանի որ առանձնացված են օրենսդրական պատճառները եւ, կարծես թե, ուղղակիորեն շեշտված չեն իրավակիրառականները, կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, որ հիմնական պատճառը գործող պաշտպանը տեսնում է օրենսդրական դաշտի մեջ»:

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմում բողոքների մեծ մասը Երեւանից են: Այս կապակցությամբ Արմեն Հարությունյանը կարծում է, որ մարդու իրավունքների պաշտպանը պետք է ներկայացուցիչներ ունենա հանրապետության գոնե երեք մարզերում:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG