Մատչելիության հղումներ

Հայկ Հարությունյան. «Մարտահրավեր է նետված իրավապահներիս»


Հայաստանի ոստիկանապետ Հայկ Հարությունյանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ իրականացված մահափորձը համարում է իրավապահներին նետված մարտահրավեր:

«Սա շատ լկտի հանցագործություն է», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց Հարությունյանը: - «Ես համարում եմ, որ դա մարտահրավեր է` նետված իրավապահներիս: Մենք` ոստիկաններս, ընդունել ենք այդ մարտահրավերը եւ ամեն ինչ հնարավորինս անելու ենք, որ հանցագործները հայտնաբերվեն եւ պատժվեն: Դրանում կասկած չի կարող լինել»:

Հայաստանի ոստիկանապետը ասաց նաեւ, որ ստեղծված համատեղ օպերատիվ քննչական խումբը` կազմված Գլխավոր դատախազության, Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության ծառայության աշխատակիցներից, ունի, անշուշտ, վարկածներ. - «Անպայման նման վարկածներ»:

Հարությունյանը չմանրամասնեց, թե դրանք ինչ վարկածներ են` ասելով. - «Դա մասնագիտական ուղղություն է, որը հիմա մշակվում է»:

Գլխավոր դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ առաջ են քաշվել «բոլոր հնարավոր վարկածները», եւ «աշխատանքներ են տարվում դրանք ստուգելու ուղղությամբ»:

Երկուշաբթի երեկոյան Երեւան - Գյումրի մայրուղու Աշտարակի հատվածում անհայտ անձինք երկու ինքնաձիգներից կրակ էին բացել երկու ավտոմեքենաների վրա, որոնցով Վարդան Ղուկասյանն ու նրան ուղեկցող անձինք Գյումրի էին վերադառնում ՀՀԿ-ի խորհրդի նիստին մասնակցելուց հետո: Երեք մարդ տեղում մահացել էին եւ երեքը` այդ թվում Վարդան Ղուկասյանը, հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` տեսակցելու վիրահատությունից հետո այստեղ բուժվող Վարդան Ղուկասյանի հետ:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG