Մատչելիության հղումներ

Հույները մտադիր են գնել թուրքական կղզին


Լեսբոս հունական կղզու բնակիչները մտադիր են գնել Թուրքիային պատկանող Գարիփ կղզին:

Թուրք սեփականատերերը, որոնց արդեն 20 տարի պատկանում է այդ կղզին, կես տարի առաջ որոշել են վաճառել այն 22 միլիոն դոլարով:

Լեսբոսի բնակիչները, որոնց թիվը կազմում է 100 հազար, որոշել են հավաքել այդ գումարը եւ գնել Գարիփ կղզին, որը նրանք համարում են հույների պատմական տարածք, գրում է «Գարդիան» բրիտանական թերթը:

Մեր թվարկությունից առաջ 406 թվականին Գարիփում տեղի է ունեցել պատմական ճակատամարտը Սպարտայի եւ Աթենքի բանակների միջեւ: Կղզին Բյուզանդական կայսրության կազմում է եղել մինչեւ 1453 թվականը, երբ այն անցել է օսմանների տիրապետության տակ: 1922 թվականին հույները գրավել են կղզին, սակայն մեկ տարի անց Լոզանի պայմանագրով այն փոխանցվել է Թուրքիային:

«Մենք ոչինչ չունենք հույների դեմ: Ես շատ հույն ընկերներ ունեմ, եւ եթե հույները հետաքրքրություն ցուցաբերեն կղզու նկատմամբ, մենք նախապաշարմունք չենք ունենա», - ասում է կղզու սեփականատերերից մեկը՝ Ալի Դարթարը:

«Գարդիան»-ը փաստում է, որ եթե հույները գնեն թուրքական կղզին, այն բոլոր դեպքերում մնալու է Թուրքիայի տիրապետության տակ, պարզապես Լեսբոս կղզու բնակիչները սեփականություն կունենան Թուրքիայի տարածքում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG