Մատչելիության հղումներ

Սեգոլեն Ռուայալ. «Ցեղասպանության ուրացման համար պատիժը պետք է օրենք դառնա»


Ֆրանսիայի նախագահության սոցիալիստ թեկնածու Սեգոլեն Ռուայալը խոստացել է ընտրություններում հաղթելու դեպքում վավերացնել ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ սահմանող օրենքը:

«Սաբահ» թերթի փոխանցմամբ, հայկական մի հանդեսի տված հարցազրույցում Ռուայալը համոզմունք է հայտնել, որ «Եվրամիության անդամ դառնալու համար Թուրքիան պետք է ճանաչի անցյալի իր հանցագործությունները»:

«Մենք գիտենք, որ Թուրքիան պետք է առաջընթաց արձանագրի անցյալի իր հանցագործությունները ճանաչելու հարցում: Եթե ես հաղթեմ ընտրություններում, արտաքին գործերում իմ պաշտոնական տեսակետն է լինելու ցեղասպանության ուրացումը հանցագործություն ճանաչելը», - հայտարարել է Սեգոլեն Ռուայալը` խոստանալով օրենքի ուժ հաղորդել խորհրդարանի ընդունած օրինագծին:

Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունել է 2006 թվականի հոկտեմբերին: Անցյալ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ գործադրված ցեղասպանության ուրացման համար մինչեւ մեկ տարվա ազատազրկում սահմանող նախագիծը օրենքի ուժ ստանալու համար պետք է հաստատվի խորհրդարանի վերին պալատի` Սենատի, եւ ստորագրվի Ֆրանսիայի նախագահի կողմից:

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին եւ երկրորդ փուլերը անցկացվելու են, համապատասխանաբար, ապրիլի վերջին եւ մայիսի սկզբին:

Սեգոլեն Ռուայալը, որը նախագահության առաջատար թեկնածուներից մեկն է, ավելի վաղ կարծիք էր հայտնել, թե «անդամակցությունը Եվրամիությանը կօգնի Թուրքիայի դեմոկրատներին բարեփոխումներ իրականացնել եւ հաղթահարել ժխտողականությունը մի պետությունում, որը հերքում է Հայոց ցեղասպանությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG