Մատչելիության հղումներ

Դատարանը կարճեց Արմավիրի քաղաքապետի ընտրությունները վիճարկող հայցով հարուցված գործը


Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը երեքշաբթի օրը կարճեց մարտի 25-ին կայացած Արմավիրի քաղաքապետի ընտրությունների արդյունքը վիճարկող հայցի հիման վրա հարուցած գործի վարույթը` «դիմող Արայիկ Աղաբաբյանի` դիմումից հրաժարվելու հիմքով»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արայիկ Աղաբաբյանի պաշտպանը դիմումը առանց քննության թողնելու իրենց ցանկության մասին հայտարարեց դատավարության երկրորդ օրվա վերջին, երբ դատարանի դահլիճում ներկաները մեծ մասը համոզված էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ոչ միայն վճռական է տրամադրված, այլեւ դատական գործը հաղթելու մեծ շանսեր ունի:

Մարտի 25-ին Արմավիրում կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթել էր ՀՀԿ-ի մարզային կառույցի ղեկավարի տեղակալ Ռուբեն Խլղաթյանը` շուրջ 1,5 հազար քվե ավելի ստանալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Արմավիրի քաղաքային կառույցի ղեկավար Արայիկ Աղաբաբյանից:

Աղաբաբյանը դիմել էր Արմավիրի առաջին ատյանի դատարան` բողոքարկելով համայնքի ղեկավար ընտրվելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (ԸԸՀ) որոշումը:

«Բողոքարկվել են ե'ւ քվեարկության արդյունքները, ե'ւ կայացրած որոշումը համայնքի ղեկավար ընտրվելու մասին», - «Ազատություն» ռադիոկայանին անցած շաբաթ ասել էր նա:

Դատարանում Արայիկ Աղաբաբյանի ներկայացուցիչներից Դավիթ Մանթաշյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք այդ քայլը նշանակում է, որ Աղաբաբյանի կողմնակիցները փոխել են կարծիքը եւ համարում են, որ ընտրությունների ընթացքում անօրինականություններ չեն եղել, պատասխանեց. - «Անօրինականությունների կամ օրինականությունների մասին խոսելը դեռեւս վաղ է»:

«Ես կարծում եմ, որ կան հնարավոր քայլեր, որոնք դեռ իմ վստահորդը իրավունք կունենա կամ նպատակահարմար կգտնի կատարել», - հավելեց նա` առանց մանրամասնելու:

Դատարանի վճռի հրապարակումից հետո Ռուբեն Խլղաթյանը ասաց. - «Մաքուր հաղթանակ էր: Ուղղակի մաքուր հաղթանակ»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG