Մատչելիության հղումներ

Աշոտ Աղաբաբյան. «Փաստը մնում է փաստ, որ Հանրապետականի խորհրդի նիստից հետո է դա կատարվել»


«Միայն հետաքննությունը ցույց կտա, սակայն փաստը մնում է փաստ, որ Հանրապետականի խորհրդի նիստից դուրս գալուց հետո է դա կատարվել», - ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանը` «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում պատասխանելով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հարձակման հնարավոր պատճառներին առնչվող հարցին: «Քրեական հետախուզության մարմինները կպարզեն, կճշտեն», - հավելեց նա:

«Կարծում եք, տեղի ունեցածն ուղղված է Հանրապետականի՞ դեմ», - այս հարցին Աղաբաբյանը պատասխանեց. - «Իմ կարծիքով` եթե այդպես չէր, թող մի ուրիշ անգամ լիներ, ինչո՞ւ հենց Հանրապետականի խորհրդի նիստից հետո այդ ամենը պետք է կատարվեր»:

Հանրապետական պատգամավորը, որը կեսօրին տեսակցել էր Վարդան Ղուկասյանի հետ, հայտնեց, որ նա գիտակից վիճակում է, վերականգնման պրոցեսում է, կյանքին վտանգ չի սպառնում: Ղուկասյանը դեռ նարկոզից լրիվ դուրս չի եկել, չի խոսում, հարցերին գլխով է պատասխանում:

Ըստ Աղաբաբյանի, այս պահի դրությամբ Վարդան Ղուկասյանը եւս դժվարանում է ասել, թե ո՞վ կարող էր դա արած լինել. համենայն դեպս, ինչպես ընդգծեց նա, Գյումրիի քաղաքապետի մտքով անգամ չէր անցել, թե նման բան կարող էր պատահել իր հետ:

«Հիմա նրան հանգիստ է պետք, պետք է ապաքինվի: Մենք բոլորս մեծ հույս ունենք», - ասաց Աղաբաբյանը` վստահություն հայտնելով, որ բժիշկները հետեւողական կլինեն, որպեսզի ամեն ինչ լավ լինի:

Գյումրիի քաղաքապետը մեկ գնդակ է ստացել` վնասվել է նրա հաստ աղիքը, փոխքաղաքապետը ավելի թեթեւ է վիրավորել, երկուսի վիճակն էլ, ըստ հանրապետական պատգամավորի, լավ է:

«Մերսեդես»-ի վարորդը ծանր վիրավորվել է գլխից եւ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Կատարվածի առնչությամբ այսօր հայտարարությամբ է հանդես եկել Հանրապետական կուսակցության խորհուրդը, որում ցավակցում է «ավազակային հարձակման զոհերի ընտանիքներին եւ մտերիմներին, դատապարտում է կատարված ոճրագործությունը եւ իրավապահ մարմիններից վճռականորեն պահանջում է արագորեն բացահայտել հանցագործներին եւ խստագույնս պատժել»։

«Մենք համոզված ենք, որ հասարակական կյանքի կայունության դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն անհաջողության է դատապարտված», - ասված է ՀՀԿ-ի խորհրդի հայտարարությունում:

Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացված են Գյումրիի քաղաքապետի նկատմամբ երեկ տեղի ունեցած հարձակման մանրամասները.

«2007 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում Աշտարակ - Գյումրի մայրուղու՝ Աշտարակ քաղաքին մոտակա հատվածում անհայտ պետհամարանիշի ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ծառայողական ավտոմեքենայի՝ «Մերսեդես» մակնիշի 051ԼԼ50 պետհամարանիշի եւ նրան ուղեկցող «Գազ - 3110» մակնիշի 770ԼԼ10 պետհամարանիշի ավտոմեքենաների ուղղությամբ:

Կրակահերթի հետեւանքով ստացած հրազենային վնասվածքներից «Գազ - 3110» մակնիշի 770ԼԼ10 պետհամարանիշի ավտոմեքենայի հինգ ուղեւորներից երեքը՝ Արտյոմ Սամվելի Ադամյանը (ծնված՝ 1985 թվականին), Սիսակ Արամի Վարդանյանը (ծնված` 1981 թվականին) եւ Հովհաննես Լեւոնի Միրզախանյանը (ծնված՝ 1970 թվականին) տեղում մահացել են: «Մերսեդես» մակնիշի 051ԼԼ50 պետհամարանիշի ավտոմեքենայում գտնվող Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւ քաղաքապետի տեղակալ Գագիկ Մանուկյանը ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ վարորդ Վարազդատ Ղուկասյանը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն, եւ ենթարկվել վիրահատության:

«Մերսեդես» մակնիշի 051ԼԼ50 պետհամարանիշի ավտոմեքենայի ուղեւոր` Գյումրիի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության պետ Հովհաննես Գրքիկյանը եւ «Գազ - 3110» մակնիշի 770ԼԼ10 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդ Վաչիկ Գյուղջողլյանը, ուղեւոր Տիգրան Սիմոնյանը հրազենային վնասվածքներ չեն ստացել եւ բժշկական միջամտության անհրաժեշտություն չի եղել:

Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով: Կազմվել է քննչական-օպերատիվ խումբ, որի կազմում ընդգրկվել են ՀՀ դատախազության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ ոստիկանության փորձառու աշխատակիցները, կատարվում է նախաքննություն: Կատարվել է տեղազննություն, նշանակվել են փորձաքննություններ, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները դեպքի հանգամանքները եւ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննության արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG