Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Ռուսաստանի դատախազությունների միջեւ համագործակցության ծրագիր է ստորագրվել


Մոսկվայում այսօր տեղի է ունեցել Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եւ Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկայի հանդիպումը, որի ընթացքում կողմերը ստորագրել են երկու երկրների դատախազությունների միջեւ 2007-2009 թվականների համագործակցության ծրագիրը:

Ծրագրով նախատեսվում է առաջիկա երեք տարիներին համատեղ կազմակերպել գիտագործնական սեմինարներ, «կլոր սեղաններ»՝ դատախազության տարբեր գործառույթների վերաբերյալ, Հայաստանի եւ Ռուսաստանի դատախազությունների մասնագետների հանդիպումներ՝ փորձի փոխանակման, կադրերի վերապատրաստման, երկու երկրների դատախազությունների աշխատակիցների որակավորումը բարձրացնելու նպատակով:

Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի փոխանցմամբ, Աղվան Հովսեփյանը ներկայացրել է «Դատախազության մասին» նոր օրենքով դատախազական մարմիններում նախատեսված բարեփոխումները, մասնավորապես կարեւորելով, որ դատախազությունն այսուհետ չի իրականացնելու նախաքննություն, այլ իրականացնելու է միայն դատավարական հսկողություն՝ քննության նկատմամբ:

Յուրի Չայկան տեղեկացրել է, որ որոշակի փոփոխություններ են նախատեսվում նաեւ Ռուսաստանի դատախազությունում, մասնավորապես, Պետդուման ներկայումս քննարկում է գլխավոր դատախազությունում քննչական մարմին ստեղծելու մասին օրինագիծը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG