Մատչելիության հղումներ

Ստրասբուրգում քննարկված զեկույցի` Ղարաբաղին վերաբերող հատվածում արտահայտված է Ադրբեջանի դիրքորոշումը


Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) մոնիթորինգի հանձնաժողովում չորեքշաբթի օրը քննարկվել է Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների վերաբերյալ կազմված զեկույցը: Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը ադրբեջանական լրատվամիջոցներին հաղորդել է, թե զեկույցի` Լեռնային Ղարաբաղին վերաբերող հատվածում ամբողջովին արտահայտված է Ադրբեջանի դիրքորոշումը:

«Սա մեզ համար շատ կարեւոր հարց է: Նախ` մոնիթորինգի հանձնաժողովի փաստաթղթում հիշատակված է Եվրախորհրդի բանաձեւը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, եւ երկրորդ` զեկույցում Lեռնային Ղարաբաղը նշված է որպես Ադրբեջանի տարածք», - ասել է Սեիդովը:

Ինչ վերաբերում է առհասարակ Ադրբեջանի պարտավորությունների կատարմանը, ապա, ըստ նրա, քննարկումները կառուցողական բնույթ են կրել:

Փաստաթղթում Ադրբեջանը ամենից շատ քննադատվում է մամուլին առնչվող հարցերում, մասնավորապես` ANS հեռուստաընկերության հետ կապված իրավիճակի համար:

«Զեկույցում «քաղբանտարկյալ» հասկացությունը բացակայում է, քաղբանտարկյալների հարցը արդեն լուծված է», - ասել է Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը:

Վերջերս Ադրբեջանի նախագահը համաներման հրամանագիր էր ստորագրել, եւ ներում ստացած կալանավորների ցանկը փոխանցվել է Ադրբեջանի հարցով համազեկուցող Անդրես Հերքելին: Մյուս համազեկուցողը` Թոնի Lլոյդը, նիստին չի մասնակցել եւ իր տեսակետները հայտնել էր նամակով:

Ադրբեջանի խորհրդարանում վերջին միջադեպը, երբ ծեծկռտուք սկսվեց երկու պատգամավորի միջեւ ու ձերբակալվեց պատգամավոր Հուսեյն Աբդուլաեւը, մոնիթորինգի հանձնաժողովի զեկույցում ընդգրկված չէ:

Զեկույցը կներկայացվի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի` ապրիլին անցկացվելիք գարնանային նստաշրջանում:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG