Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Արդեն երկու-երեք օրից ներքաղաքական բուռն զարգացումներ» կանխատեսելով` «168 ժամ» թերթի վերլուծաբանն այսօր շեշտադրել է. - «Մինչեւ ընտրությունները չափազանց քիչ ժամանակ է մնացել, հետեւաբար՝ կամ ընդհանրապես քաղաքական վերադասավորումներ չեն լինելու, կամ, եթե լինեն, տեղի են ունենալու շատ արագ։ Ի վերջո, բոլորն էլ հասկանում են, որ մայիսի 12-ին առաջին հերթին 2008 թվականի նախագահական ընտրությունների հարցն է որոշվելու։ Եվ փաստորեն՝ որոշվելու է ցայտնոտի պայմաններում»։

«Իշխանության կուսակցությունը» վերնագրի տակ «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանն արձանագրել է. - «Ով էլ որ դառնա վարչապետ, առաջիկա ամսվա նրա գլխավոր խնդիրը դառնալու է ընտրություններին նախապատրաստվելը: Համանման հոգսեր ունենալու է նաեւ Հանրապետական կուսակցության խորհրդի նախագահը։ Իշխանության կուսակցությունը կձգտի բնակչությանը համոզել, որ հանդիսանում է եվրոպական չափանիշներին համապատասխանող ընտրությունների անցկացման մեջ ամենից շահագրգիռ քաղաքական ուժը։ Թե ինչ կստացվի դրանից, պարզ կդառնա շատ շուտով»:

«Ռոբերտ Քոչարյանը չցանկացավ համբուրել խաչը» խորագրի ներքո «Առավոտ»-ը փոխանցում է. - «Երեկ Օպերայի եւ բալետի թատրոնում վարչապետ Անդրանիկ Մարգարյանին հրաժեշտի արարողության ժամանակ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն: Ավարտից հետո կաթողիկոսը մոտեցավ հանգուցյալի մերձավորներին` խաչհամբույրի համար: Եվ երբ հասավ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին` մեկնելով նրան խաչը համբույրի համար, պարոն Քոչարյանն ուղղակի գլխով կանխող շարժումներ արեց: Ու կաթողիկոսը մի պահ տեղում մնաց կանգնած` խաչը ձեռքին»:

«Մեր երկիրը, ջրաղացի պես, բոլորին է աղում» խորագրի ներքո նույն թերթն անդրադարձել է մեծամասնական ընտրակարգով Սամվել Բաբայանի չառաջադրվելու որոշմանը. - «Որքան էլ «Դաշինք»-ը իր որոշումը թիվ 37 ընտրատարածքում Սամվել Բաբայանի թեկնածությունը չառաջադրելու մասին սքողի այլ դրդապատճառներով` փաստերի համադրումից ակնհայտ է, որ ինքնաբացարկը կամ վախի, կամ էլ գործարքի հետեւանք էր»: ԱԺՄ-ի նախագահ Վազգեն Մանուկյանը «Առավոտ»-ի այն հարցին, թե չի՞ ափսոսում արդյոք, որ ջերմեռանդությամբ պատրաստակամություն էր հայտնում պաշտպանել Սամվել Բաբայանի թեկնածությունն այդ ընտրատարածքում, պատասխանել է. - «Ես երբեք չեմ ափսոսա, քանի որ բարձր եմ գնահատում նրան»: «Սամվել Բաբայանն այն մարդը չէ, որ վախենա», - հայտարարել է Մանուկյանը` հավելելով. - «Բայց բան չունեմ ասելու` կարող է հայտնվել ծանր վիճակում: Այս երկիրը, ջրաղացի պես, բոլորին է աղում»:

«Առաջինը կտուժի Դավիթը» խորագրի տակ «Ժամանակ Երեւան»-ը գրում է, թե իր տեղեկություններով, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան հետեւանքով քաղաքական վերադասավորումներն առաջին հերթին անդրադառնալու են արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի վրա: «Ըստ որոշ լուրերի, վարչապետի աթոռին նստել պատրաստվող Սերժ Սարգսյանը մտադիր է առաջին քայլերից մեկով պաշտոնաթող անել Դավիթ Հարությունյանին եւ ընդհանրապես` «իր տեղը ցույց տալ»: Հայտնի է, որ Սերժ Սարգսյանն ու Դավիթ Հարությունյանը անցյալում էլ առանձնապես լավ չէին իրար հետ, այնպես որ` հարաբերություններ պարզելու հարմար պահը եկել է: Ըստ ամենայնի` Ռոբերտ Քոչարյանը կփորձի կանգնել իր հովանավորյալի` Դավիթ Հարությունյանի կողքին, բայց դժվար է ասել, թե դա ինչ արդյունք կտա», - ամփոփում է թերթը:

«Ո՞վ է ամենաձեռնտու վարչապետը» խորագրի ներքո «Հայք»-ը գրում է. - «Հայտնի է, որ ըստ նախնական պայմանավորվածության, վարչապետի պաշտոնում նշանակվելու է ՀՀԿ-ի խորհրդի նախագահ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նրա թեկնածությանը կողմ է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլեւ իշխանության մաս կազմող մյուս ուժերը: Կրավորական կեցվածք որդեգրած մեր ժողովուրդը այս օրերին շարունակ կրկնում է, թե եկել է Սերժ Սարգսյանի աստեղային ժամը, քանի որ շատ շուտով իշխանությունը Ռոբերտ Քոչարյանի ձեռքից սահուն կանցնի Սարգսյանին»: «Սերժ Սարգսյանին նշանակելով ՀՀ վարչապետ, Ռոբերտ Քոչարյանը նրա համար կանաչ ճանապարհ է հարթում դեպի նախագահական նստավայր: Սակայն գիտակցո՞ւմ է արդյոք նա, որ այդ ամենն անում է իր հաշվին», - ընդգծում է հոդվածագիրը:

Ընդդիմության նախընտրական վարքագծի մեջ «ինքնամերկացման» տարրեր նկատելով` «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանն այսօր արձանագրել է. - «Ընդդիմությունն այդպես էլ չգտավ, թե ինչով հրապուրի ընտրազանգվածին։ Կազմելով ծրագրեր, որտեղ տասը բառից յոթը «ժողովրդավարությունն» է, նա ցույց է տալիս, որ ապավինում է բացառապես Արեւմուտքին։ Այստեղ նմանատիպ ծրագրերով նա, ամբողջությամբ վերցրած, չի հավաքի ձայների անգամ տասը տոկոսը: Սակայն փորձ է արվում երկար ու ջանադրաբար հասկացնել աշխարհին, որ խորհրդարանական ընտրություններն ազատ ու արդար կլինեն այնքանով, որքանով այդ ծրագրի կրողները հաղթեն. եւ այդպես շարունակ»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG