Մատչելիության հղումներ

Հրանտ Դինքի սպանության գործով հարցաքննվել են ազգայնական կուսակցության չորս անդամներ


Ստամբուլի ոստիկանությունը «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով այսօր հարցաքննել է պահպանողական, ազգայնական «Մեծ միասնություն» կուսակցությանն անդամակցող չորս քաղաքական գործիչների:

Ինչպես տեղեկացնում է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը, «Մեծ միասնության» տեղական կառույցի ղեկավար Յաշար Չիհանը, նրա` նույն կուսակցությանը անդամակցող որդին եւ կուսակցության եւս երկու անդամներ ձերբակալվել են կիրակի երեկոյան Տրապիզոնում:

Ձերբակալության պատճառները դեռեւս հայտնի չեն:

Այնուհանդերձ, Դինքի սպանությունից շատ չանցած Չիհանը խոստովանել էր, որ փող է տվել գործով կասկածյալներից մեկի ընտանիքին` միաժամանակ վստահեցնելով, թե փողը հատկացվել է բարեգործական միջոցներից, որոնցով նա պարբերաբար օժանդակում է կարիքավոր ընտանիքներին:

Թուրք չորս քաղաքական գործիչների ձերբակալությունից ժամեր առաջ Պոլսո հայոց պատիրարք Մեսրոպ Մութաֆյանը քննադատել էր իշխանություններին` Դինքի սպանությունը հրահանգողներին հայտնաբերել չկարողանալու համար:

Հրանտ Դինքը սպանվել է այս տարվա հունվարի 19-ին «Ակոս»-ի խմբագրատան դիմաց: Սպանության գործով մեղադրանք է առաջադրվել 10 կասկածյալների, որոնց ճնշող մեծամասնությունը Տրապիզոնից է, այդ թվում` «Մեծ միասնություն» կուսակցության երիտասարդական թեւի նախկին անդամներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG