Մատչելիության հղումներ

«Այլընտրանք»-ը պատրաստվում է Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել


Այսօր Ազատության հրապարակում «Այլընտրանք» հասարակական քաղաքական նախաձեռնությունը հանրահավաք անցկացնելու է` չնայած Երեւանի քաղաքապետարանը այն չի արտոնել, ավելի ստույգ` նախաձեռնության անդամ Նիկոլ Փաշինյանի պնդմամբ, իրենք գրավոր պատասխան չեն ստացել:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ հանրահավաքը լրիվ օրինական է: Նրա խոսքերով, հանրահավաքի անցկացմանը չի կարող խոչընդոտել նաեւ հինգշաբթի օրը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը, որով մերժվեց նախաձեռնության երկու անդամների հայցը ընդդեմ քաղաքապետարանի անգործության:

«Այլընտրանք»-ը պատրաստվում է հանրահավաքն անցկացնել` հիմք ընդունելով մարտի 14-ին քաղաքապետարանին ուղարկված երկրորդ դիմումը. - «Հանրահավաքը տեղի է ունենալու ըստ Դավիթ Մաթեւոսյանի եւ Նիկոլ Փաշինյանի իրազեկման: Մենք մարտի 14-ին Երեւանի քաղաքապետին հայտնել ենք, որ մարտի 23-ին ժամը 17:00 - 19:00-ը Ազատության հրապարակում անցկացնելու ենք հանրահավաք: Հայաստանի Հանրապետության «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքը շատ հստակ ասում է, որ եթե մինչեւ իրազեկում ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ը լիազոր մարմնի որոշմամբ չի արգելվում զանգվածային, հրապարակային միջոցառման անցկացումը, ապա կազմակերպիչներն իրավունք ունեն տրված իրազեկման պայմաններով իրականացնելու զանգվածային, հրապարակային միջոցառում: Սա հոդված 12-ի 8-րդ կետն է: Ես եւ Դավիթ Մաթեւոսյանը այս իրազեկումը տվել ենք, եւ մինչեւ հիմա քաղաքապետարանը այդ իրազեկմամբ զանգվածային հրապարակային միջոցառում արգելելու մասին որոշում չի ընդունել: Ուստի միջոցառումը միանգամայն օրինական է»:

Իրավապահները հնարավոր միջամտությանը վերաբերող հարցին «Այլընտրանք» նախաձեռնության անդամը պատասխանեց. - «Մենք անցկացնում ենք միանգամայն օրինական հանրահավաք, իսկ իշխանությունը կարող է իրեն ապօրինություն թույլ տալ, թե ոչ` կարծում եմ, այս հարցի պատասխանը գիտե Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի: Բայց դա կապված չէ հանրահավաքի հետ: Թե ապօրինության ինչպիսի դրսեւորումներ կլինեն այսօր, վաղը, ապագայում` դա միայն ապօրինություն կերտողները կարող են իմանալ»:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG