Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի փոխանցմամբ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը երեկ հայտարարություն է տարածել ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի` մարտի 17-18-ը Կապան կատարած այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Հայտարարությունում, մասնավորապես, ասված է. - «Սյունիքի մարզպետը նախ որպես մարդ, հետո որպես պաշտոնյա իրեն իրավունք չի վերապահել մարզի հաստատություններից որեւէ մեկի ղեկավարին կարգադրել ձախողելու ԱԺ պատգամավոր Վազգեն Մանուկյանի հանդիպումները: Սյունիքի մարզը միշտ բաց է ու բաց կլինի բոլոր հանդիպումների, բոլոր գործիչների եւ հյուրերի առաջ: Եթե որեւէ կազմակերպության կամ կուսակցության տարածքային կառույց չի կարողանում հավուր պատշաճի կազմակերպել իր ղեկավարի հանդիպումները` չպետք է մեղքը բարդել տեղական իշխանությունների վրա»:

Թերթերն անդրադարձել են երեկ կառավարության նիստում ընդունված որոշմանը, որով գործադիրը իր պահուստային ֆոնդից ավելի քան 322 մլն դրամ է հատկացրել Արմավիրի մարզպետարանին` Արմավիր քաղաքի Բաղրամյան պողոտայի հիմնանորոգման աշխատանքները ֆինանսավորելու համար: Կիրակի օրը Արմավիրի քաղաքապետի ընտրություններն են անցկացվելու. գրանցված թեկնածուներից մեկը հանրապետական է, մյուսը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Հենց այս հանգամանքը նկատի ունենալով` «Ազգ»-ը ընդգծում է, որ «պետք չէ սեփականաշնորհել կառավարությունը»: Ապա թերթը մտավախություն է հայտնում. - «Առնվազն տարօրինակ եւ զարմանալի կլինի, եթե Արմավիրի գործող քաղաքապետը հատկացված գումարը հանկարծ փորձի օգտագործել սեփական քարոզչության նպատակներով»:

«Գիտեն՝ բայց չեն անում» վերնագրի տակ «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը արձանագրել է. - «Հայաստանի ներկայիս լիդերները բրեժնեւյան պոլիտբյուրոյի մարազմատիկները չեն, որոնք խաբար էլ չէին, թե ուր է գնում իրենց ղեկավարած երկիրը, եւ իրականության մասին գաղափար էին կազմում միայն «Վրեմյա»-ի քարոզչությունից։ Բարեբախտաբար, մեր ղեկավարների թե՛ առողջությունն է տեղը, թե՛ խելքը, եւ լրատվությունն էլ միայն «Հայլուր»-ից չեն ստանում։ Ավելին` նրանք գիտեն, թե ինչ պետք է անել հարեւանների հետ հարաբերությունները նորմալացնելու, Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու, մեր երկիրը տնտեսապես եւ քաղաքականապես քաղաքակիրթ աշխարհին ինտեգրելու համար»: «Եթե նրանք այդ ամենը գիտեն, ապա ինչո՞ւ չեն անում», - հարց է բարձրացրել խմբագիրն ու պատասխանել. - «Թե՛ հարեւանների հետ բնականոն հարաբերությունների հաստատման ուղղությամբ գնալը, թե՛ տնտեսության մեջ իրական շուկայական մեխանիզմների ներդրումը, եւ թե’ առավել եւս՝ նորմալ ընտրությունները վտանգում են իրենց՝ աթոռների վրա մնալու հեռանկարը։ Իսկ աթոռը նրանց համար սրբություն է»։

«Մարտի վերջի նոր մարտահրավերները» ուրվագծելով` «Իսկական իրավունք» թերթի գլխավոր խմբագիրն այսօր շեշտադրել է. - «Ըստ էության այն, որ ընդդիմությունն այդպես էլ չմիավորվեց եւ նույնիսկ չապահովեց բոլոր 41 ընտրատարծքներում մարտունակ գործիչների առաջադրում, առաջացրել է բնակչության հիասթափությունը։ Մարդիկ հոգնել են անթիվ, հերթական «բարոյական հաղթանակներից», որոնք ոչինչ չեն փոխում ո՛չ մարդկանց, ո՛չ էլ երկրի կյանքում, հոգնել են մշտական հեղափոխությունից խոսող, բայց գործնականում իրենց բարիկադներն այդպես էլ չառաջնորդող … դատարկ ընդդիմադիր գործիչներից»։

«Հայկական ժամանակ»-ը, անդրադառնալով Վրաստանի նախագահ Միխեյիլ Սահակաշվիլու հայաստանյան մեկօրյա մասնավոր այցի ու նախագահ Քոչարյանի հետ հանդիպման շարժառիթներին, փոխանցել է. - «Թե ինչ հրատապ հարց է Սահակաշվիլիին բերել Հայաստան, առայժմ պարզ չէ: Մեծ է հավանականությունը, սակայն, որ Սահակաշվիլին Քոչարյանին խնդրել է ինչքան հնարավոր է ձգել Իրան - Հայաստան գազամուղով գազի ստացումը։ Վրաստանում համոզված են, որ երբ Հայաստանն Իրանից գազ ստանա, Ռուսաստանը, որը Վրաստանի տարածքով է Հայաստանին գազ մատակարարում, անտանելի պայմաններ կառաջադրի Վրաստանին։ Իսկ քանի դեռ Հայաստանը կախված է ռուսական գազից, Պուտինն այս հարցում ավելի մեղմ է պահում իրեն»։

Նույն թեմայի առնչությամբ իր վարկածն է առաջադրել «Հայք» պարբերականը` շեշտելով. - «Մեր աղբյուրները պնդում են, որ Սահակաշվիլին ժամանել է Հայաստան ԱՄՆ կառավարության խնդրանքով՝ Ռոբերտ Քոչարյանին մեկ անգամ եւս զգուշացնելու, որ եթե ՀՀ իշխանությունները կեղծեն խորհրդարանի ընտրությունների արդյունքները, ապա Հայաստանը շատ լուրջ խնդիրներ կունենա»։

Մեկնաբանելով կառավարության երեկվա որոշումը, որով պահուստային ֆոնդից մոտ 322 միլիոն դրամ է հատկացվել Արմավիրի Բաղրամյան պողոտայի հիմնանորոգման համար, «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրականը այսօր գնահատել է. - «Կառավարությունը ընտրություններից առաջ փող է տվել սեփական թեկնածուին, որպեսզի նա իրականացնի ասֆալտապատման աշխատանք։ Իհարկե, գուցե կառավարության փողը չհասնի էլ մինչեւ մարտի 25-ը, բայց, փաստորեն, իմանալով այդ մասին, Արմավիրի գործող քաղաքապետը կարող է պարտք վերցնել ու սկսել Բաղրամյան Պողոտայի ասֆալտապատումը։ Նա արդեն գիտե, որ կառավարությունը, միեւնույն է, այդ փողը տվել է եւ այն տեղ հասնելուն պես պարտքը կփակվի... Մյուս կողմից էլ նույն կերպ կարող է վարվել ԲՀԿ թեկնածուն։ Նա էլ կարող է պարտք վերցնել, եւ այսօր երեկոյան սկսել ասֆալտապատումը»։

Նույն թեման արծարծելով` «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիրը նկատել է. - «Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ստորագրած այս որոշումը ոչ այլ ինչ է, եթե ոչ պետության միջոցների հաշվին քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածուի օգտին տրված ընտրակաշառք: Սա, ըստ էության, պատասխանն էր մարտի 20-ին ԲՀԿ-ի կողմից Արմավիր քաղաքում կազմակերպված նախընտրական համերգի, որին հրավիրված էր հայտնի ռուս շանսոնյե Վլադիմիր Շուֆուտինսկին, եւ որի հրավերքն, ասում են, Գագիկ Ծառուկյանի վրա 80 հազար դոլար է նստել»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG