Մատչելիության հղումներ

Վերլուծաբանների կարծիքով, Պետդումայում քննարկվող օրինագիծը «կխորացնի խնդիրը»


Ռուսաստանի Պետդումայում քննարկման ներկայացված օրինագիծը, որով լրատվամիջոցներին արգելվում է հրապարակել հանցագործություն կատարածների, նրանց զոհերի ազգությունը կամ ռասայական, կրոնական պատկանելությունը, վերլուծաբանների կարծիքով, ընդունվելու դեպքում կխորացնի խնդիրը:

«Եթե այս օրենքն ընդունվի, ոչ ոք չի իմանա սքինհեդների, ազգայնամոլների ու ֆաշիստների գործած հանցանքների մասին», - «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության թղթակից Բրայան Վիթմորին ասել է Ռուսաստանի Էքստրեմալ լրագրության կենտրոնի ղեկավար Օլեգ Պանֆիլովը:

Ատելության հողի վրա կատարված հանցագործությունների հարցերով զբաղվող՝ Մոսկվայում գործող «Սովա» կենտրոնի փոխտնօրեն Գալինա Կոժեւնիկովայի կարծիքով՝ «սա մարդկային պարզունակ ապուշություն է»: «Հավատացողներ կան, որ եթե որոշ բաներ արգելես, ամեն ինչ հրաշալի կլինի», - ասել է նա:

«Իհարկե, մենք առանց այս օրենքի էլ արդեն տեսնում ենք, որ նման հանցագործությունները թաքցնելու միտումը կա», - նշել է Կոժեւնիկովան: - «Նույնիսկ առանց արգելող օրենքի էլ, թերթերն ավելի ու ավելի քիչ են հրապարակում դրանց մասին, երբ իրականում դրանք ավելի ու ավելի են շատանում»:

Կոլումբիայի համալսարանի Նյու Յորքի լրագրության ամբիոնի փոխդեկան Առլին Մորգանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ ԱՄՆ-ը եւ արեւմտյան լրատվական կազմակերպություններն իրենց հրապարակումներում զգուշանում են ազգություն կամ ռասա հիշատակելուց, եւ դա մասնագիտական վարքականոնի պահանջ է: Բայց նա Ռուսաստանում առաջարկվող այս օրինագծում իրադրության շտկում չի տեսնում: Ավելին, նրա կարծիքով, զոհի ազգությունը, կրոնական կամ ռասայական պատկանելությունը հիշատակելն ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեպքում՝ պարտադիր է:

Օլեգ Պանֆիլովը եզրափակում է. - «Ինչպես լրագրողներին ճնշելը թույլատրող շատ օրենքներ, այնպես էլ այս մեկը ընտրողաբար կկիրառվի եւ՝ այն լրագրողների դեմ, որոնք քննադատում են իշխանություններին»:


Ռուզան Խաչատրյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG