Մատչելիության հղումներ

Ամերիկացի կոնգրեսականը ցեղասպանության բանաձեւի հետ կապված հարցեր է ուղղել պետքարտուղարին


ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովում չորեքշաբի օրը կայացած լսումների ժամանակ դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը հարցեր է ուղղել պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին` կապված Հայոց ցեղասպանության պատմական փաստը վերահաստատող թիվ 106 բանաձեւի հետ, որին դեմ է ԱՄՆ-ի վարչակազմը:

Այս տարվա հունվարին Շիֆի եւ մի քանի այլ կոնգրեսականների ներկայացրած օրինագծի տակ մինչ օրս իրենց ստորագրություններն են դրել 180 կոնգրեսականներ:

Կոնգրեսականը հարցրել է Ռայսին, թե ինչպե՞ս Միացյալ Նահանգները, որը չունի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կամք, կարող է ունենալ բարոյական հենք` Դարֆուրի ցեղասպանությունը դատապարտելու համար: Նա հարցրել է նաեւ, թե արդյոք պետքարտուղարը կասկածներ ունի՞ Հայոց ցեղասպանության հարցում:

«Կարծում եմ, պատմական հանգամանքները պահանջում են, որպեսզի մենք պատմաբանների հանձնաժողովներին թողնենք այս հարցի ուսումնասիրությունը», - պատասխանել է Քոնդոլիզա Ռայսը:

«Դուք ունեք ակադեմիական կրթություն, սակայն ունե՞ք հենք` կարծելու, կամ ստացե՞լ եք այնպիսի կրթություն, որը թույլ տար ձեզ հավատալ, որ 1,5 միլիոն մարդկանց ջարդը ցեղասպանություն չէր», - շարունակել է Շիֆը:

«Այո, ես ստացել եմ ակադեմիական կրթություն, սակայն ես այժմ պետքարտուղար եմ», - հայտարարել է Ռայսը: - «Կարծում եմ, հայերն ու թուրքերը պետք է մինչեւ առաջ շարժվելը լուծեն անցյալի հետ կապված իրենց խնդիրները»:

Հիշեցնելով «թուրքական ինքնությունը վիրավորելու» մեղադրանքով Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքին դատապարտելու` Թուրքիայի կառավարության մտադրությունների մասին, կոնգրեսականն ասել է, թե ինքը չի համարում, որ Թուրքիան այնպիսի երկիր է, որը կարեւորում է ժողովրդավարական առաջընթացը:

Դրան հակառակ` ԱՄՆ-ի պետքարտուղարը կարծում է, որ զարգացում կա Թուրքիայում:

«Մենք ճանաչել ենք պատմական հանգամանքները եւ ճանաչում ենք դրանք նախագահի ամենամյա ելույթով», - ամփոփել է Քոնդոլիզա Ռայսը:

Ավելի ուշ Ադամ Շիֆը Ամերիկայի հայկական համագումարին հայտարարել է. - «Մենք չենք կարող ունենալ Դարֆուրում ընթացող ցեղասպանության դեմ գործողությունների դիմելու բարոյական ուժ, եթե վարչակազմը շարունակի հրաժարվել հայերի դեմ իրականացված ցեղասպանության վերաբերյալ պարզորոշ հայտարարությունից»:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG