Մատչելիության հղումներ

Ռիչարդ Հոլբրուք. «Կոսովոյի անկախացումն անխուսափելի է»


«Կոսովոն անկախ կդառնա` դա անխուսափելի է», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ռիչարդ Հոլբրուքը` դիվանագետ, որը համարվում է հարավսլավական խնդրի լուծման ճարտարապետը:

Միաժամանակ, նրա խոսքերով, Ռուսաստանը, հակադրվելով Կոսովոյի հարցով ՄԱԿ-ի բանագնաց, Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսաարիի ծրագրին, «քաջալերում է Բելգրադում կոշտ գծի կողմակիցներին, եւ դա օգուտ չի բերում»:

Հաջորդ ամիս Ահտիսաարիի ծրագիրը ներկայացվելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, եւ եթե այն չընդունվի ու Կոսովոյում բռնություններ տեղի ունենան, դրանք, ամերիկացի դիվանագետի համոզմամբ, կլինեն Ռուսաստանի գործողությունների արդյունք, եւ դրա պատասխանատվությունը ամբողջովին ընկնելու է Ռուսաստանի վրա:

Ռիչարդ Հոլբրուքը նշել է, որ «Նյու Յորք Թայմս» թերթում տպագրված հոդվածում ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինը խստորեն քննադատել է Ահտիսաարիի ծրագիրը` կոչ անելով փոխարինել նրան նոր դիվանագետով:

Այնուհանդերձ, ամերիկացի դիվանագետը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Կոսովոյի հարցում Ռուսաստանը վետո չի դնի: Ըստ նրա, Ռուսաստանը ճիշտ կվարվի, եթե պնդի, որ անկախ Կոսովոյում պետք է ապահովված լինի սերբ փոքրամասնության անվտանգությունը:

Երեկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով այն հարցին` արդյոք Կոսովոյի խնդրի կարգավորման տարբերակը կարո՞ղ է նախադեպ դառնալ ԱՊՀ-ի սառեցված հակամարտությունները լուծելու համար, հայտարարել է. - «Մենք ձեռքներս շփելով նստած չենք սպասում, թե հիմա Կոսովոն կանջատեն Սերբիայից եւ մենք նույնը կանենք այդ հանրապետությունների դեպքում. դա ճիշտ մոտեցում չի լինի»:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG