Մատչելիության հղումներ

Ադրբեջանին մտահոգում է Կոսովոյի հարցով հնարավոր որոշման` Ղարաբաղի համար նախադեպ դառնալու հեռանկարը


Ադրբեջանի կառավարությունը անհանգստացած է, որ Կոսովոյին անկախության աստիճան շնորհելու որեւէ որոշում կարող է նախադեպ դառնալ Lեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար:

Բաքվի դիրքորոշումը պաշտպանելու նպատակով Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը Բրյուսելում խնդրել է Եվրամիության աջակցությունը:

Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ահթո Lոբիակասը հաղորդում է, որ Արազ Ազիմովը Եվրախորհրդարանում իր ելույթի 45 րոպեն տրամադրել է այս հարցին` պարզաբանումներ տալով, թե ինչո՞ւ Կոսովոն չի կարող օրինակ ծառայել Ղարաբաղի համար:

«Կոսովոյի խնդիրը տարբերվում է Ադրբեջանի խնդրից, Ադրբեջան - Հայաստան հակամարտությունից: Այս հակամարտությունում մենք ունենք Հայաստանի կողմից տարածքային պահանջ Ադրբեջանից, մենք ունենք չավարտված պատերազմ», - հայտարարել է Ազիմովը:

Նրա խոսքերով, տարածքային հարցի լուծումը պետք է արտահայտի բոլոր կողմերի հայացքները, հակառակ դեպքում` կանտեսվեն միջազգային նորմերը:

Կոսովոյի կարգավիճակը դեռ որոշված չէ, սակայն ՄԱԿ-ի բանագնաց, Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսաարիի ներկայացրած ծրագիրը Կոսովոյին անկախություն է երաշխավորում` միջազգային վերահսկողությամբ:

Եվրոպայի սոցիալիստներից պատգամավոր Հանս Սվոբոդան, ով աջակցել է Եվրախորհրդարանում Կոսովոյի վերաբերյալ նախագծին, Ազիմովին ասել է, թե ընդունում է Ադրբեջանի փաստարկները, սակայն, այնուհանդերձ, երկու հարցերը նմանություն ունեն` չափազանց ուշ է նախահակամարտային իրավիճակին վերադառնալու համար. - «Ես կարծում եմ, Կոսովոն այլեւս երբեք Սերբիայի մաս չի լինի: Այդ ժամանակն անցել է»:

Ադրբեջանի փոխարտգործնախարարը, իր հերթին, պաշտպանել է իր երկրի նախագահի վճռականությունը` չհրաժարվել Lեռնային Ղարաբաղից:

Նա ասել է, թե մինչեւ խնդրի կարգավորումը Հայաստանը պետք է վերադարձնի «գրավյալ» տարածքները, ապահովի ադրբեջանցի փախստականների վերադարձը. այդ քայլերը կարող են օգնել բանակցային առաջընթացին:

«Հայաստանը գուցեեւ հաղթել է ճակատամարտում, բայց պատերազմը չի ավարտվել», - հայտարարել է Արազ Ազիմովը:

Ադրբեջանի փոխարտգործախարարի ասելով, Ղարաբաղի հարցը քննարկելու համար Իլհամ Ալիեւը եւ Ռոբերտ Քոչարյանը նախատեսում են հանդիպել մայիսի 12-ին Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններից հետո ընկած մոտ ժամանակներում:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG