Մատչելիության հղումներ

Իրաքյան պատերազմի 4-րդ տարելիցը նշանավորվեց Բուշի եւ դեմոկրատների միջեւ հակասության նոր դրսեւորմամբ


Իրաքյան պատերազմի 4-րդ տարելիցը նշանավորվեց ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի եւ Կոնգրեսում մեծամասնություն կազմող դեմոկրատների միջեւ հակասության նոր դրսեւորմամբ:

Եթե Բուշը պնդում է, թե Իրաքում իր նոր ծրագիրն իրականացնելու համար պահանջվում է համբերություն, եւ հորդորում է Կոնգրեսին առանց ձգձգելու հաստատել պատերազմը ֆինանսավորելու համար նոր բյուջե, ապա Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին պատասխանում է. - «Ամերիկյան ժողովուրդը կորցրել է վստահությունը ավարտ չունեցող պատերազմի հարցում Բուշի ծրագրի նկատմամբ: Այդ ձախողված քաղաքականությունը մերժում է ստացել ընտրությունների ժամանակ եւ կմերժվի նաեւ Կոնգրեսում»:

Մեկ այլ դեմոկրատի` Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեյմս Քլայբըրնի խոսքերով, դեմոկրատներն այլեւս չեն ցանկանում ազատ գործելու հնարավորություն տալ պատերազմը շարունակելու քաղաքականությանը, եւ մինչեւ 2008 թվականի օգոստոս հարկավոր է զորքերը դուրս բերել Իրաքից:

Ներկայացուցիչների պալատը այս շաբաթվա ընթացքում քվեարկության է դնելու այն օրինագիծը, որը նախատեսում է մինչեւ եկող տարի զորքերը հետ քաշել Իրաքից:

Իրաքյան պատերազմի 4 տարիներին զոհվել է ավելի քան 3200 ամերիկացի զինվորական:

Ամերիկացիների մեծ մասը այսօր կարծում է, որ ԱՄՆ-ը կարող է Իրաքից դուրս գալ պարտված:

Ամերիկյան հայտնի մի շարք հեռուստակայանների անցկացրած հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ իրաքցիների միայն 18 տոկոսն է վստահում ամերիկացիներին, 86 տոկոսը մտահոգված է, որ իր ընտանիքի որեւէ անդամ կարող է դառնալ բռնությունների զոհ, իսկ 51 տոկոսն ընդունելի է համարում ամերիկյան ուժերի դեմ բռնությունները:

Եթե անցած 4 տարիներին Բուշը միշտ կիրառում էր «հաղթանակ» բառը, ապա այս անգամ այն բացակայում էր նրա 8-րոպեանոց ելույթից, որը կենտրոնանում էր պարզապես իրաքցիներին իրենց մայրաքաղաքում պաշտպանելու խնդրի վրա:

Երկուշաբթի օրը ամերիկյան մի շարք քաղաքներում անցկացվում էին հակապատերազմական ցույցեր:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG