Մատչելիության հղումներ

City Mayors-ի վերլուծաբանների կանխատեսմամբ` մինչեւ 2020 թվականը Երեւանի բնակչությունը կնվազի 70 հազարով


Երեւանի բնակչությունը 13 տարում կնվազի գրեթե 70 հազարով` պնդում են City Mayors անկախ վերլուծական ցանցի փորձագետները:

City Mayors-ը, որի գլխավոր նպատակը աշխարհի խոշորագույն քաղաքների զարգացումն ուսումնասիրելն է, կանխատեսում է, որ 2020 թվականին Հայաստանի մայրաքաղաքի բնակիչների թիվը կկազմի 990 հազար մարդ` ներկայիս 1 միլիոն 60 հազարի դիմաց:

Այսօր աշխարհի 400 խոշորագույն քաղաքների ցանկում Երեւանը, ըստ կազմակերպության տվյալների, 395-րդ տեղում է: 2020-ին Հայաստանի մայրաքաղաքը կշարունակի մնալ այս ցանկում, սակայն կզբաղեցնի նախավերջին տեղը` Չելյաբինսկի ու Վոլգոգրադի միջեւ:

Հայաստանի անմիջական հարեւաններից բնակչության աճ չի արձանագրի նաեւ Վրաստանի մայրաքաղաքը. City Mayors-ի կանխատեսմամբ, Թբիլիսիի բնակչությունը կնվազի մոտ 100 հազարով` 1 միլիոն 30 հազարից հասնելով 920 հազարի:

Փորձագետները նշում են, որ առաջիկա տասնամյակում բնակչության թվաքանակի նվազման միտումը կպահպանվի նաեւ եվրոպական մի շարք մայրաքաղաքներում` Սոֆիայում, Բուդապեշտում, Բուխարեստում ու Հռոմում:

Հակառակ պատկերն է Ադրբեջանի պարագայում. Բաքուն, որն այսօր Անդրկովկասի խոշորագույն քաղաքն է` 1 միլիոն 840 հազար բնակիչներով, մինչեւ 2020 թվականը կհատի 2 միլիոնի սահմանագիծը:

13 տարի անց աշխարհի խոշորագույն երեք քաղաքներից երկուսը հնդկական են լինելու. 2020-ին Բոմբեյը կլինի խոշորագույն երկրորդ քաղաքը` 26 միլիոն բնակչությամբ, երրորդն էլ լինելու է Դելին` 25 միլիոն բնակիչներով:

Տոկիոն, սակայն, չի զիջի առաջատարի դիրքերը. Ճապոնիայի մայրաքաղաքի բնակչությունը այդ ընթացքում կհասնի 37 միլիոնի:

Ըստ City Mayors-ի մասնագետների, Տոկիոն ներկայումս աշխարհի ոչ միայն ամենամեծ, այլեւ ամենահարուստ քաղաքն է:

Հետազոտելով տնտեսական գործընթացները աշխարհի տարբեր քաղաքներում` փորձագետները կանխատեսում են, որ 2020 թվականին աշխարհում ամենաբարձր կենսամակարդակը եւ տնտեսական առումով ամենակարեւոր դերակատարությունն ունեցող քաղաքներն են լինելու Տոկիոն, Նյու Յորքն ու Lոս Անջելեսը: Հետխորհրդային տարածքից այս ցանկում ընդգրկվել են միայն Մոսկվան եւ Սանկտ Պետերբուրգը, որոնք զբաղեցրել են, համապատասխանաբար, 23-րդ եւ 57-րդ տեղերը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG