Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Սպառնալիքներ ու շանտաժ` Վազգեն Մանուկյանին» խորագրի ներքո «Առավոտ»-ը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզկենտրոն` Կապան մարտի 17-ին հանդիպման եկած Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանին համար չեն տվել հյուրանոցում եւ դահլիճ չեն տվել հանդիպման համար: Թերթի տեղեկություններով, Վազգեն Մանուկյանը նաեւ հեռախոսային անանուն սպառնալիքներ է ստացել. - «Մինչեւ մայիսի 12-ը ոտքդ չլինի այստեղ»: ԱԺՄ-ի նախագահը վերջերս «Առավոտ»-ին տեղեկացրել էր, որ Սյունիքի թիվ 37 ընտրատարածքում մասնակցելու է Սամվել Բաբայանի ընտրարշավին, որի մրցակիցը Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանն է:

«Բացումը բալոնով» վերնագրի տակ «Հայկական ժամանակ»-ը, անդրադառնալով Իրան - Հայաստան գազատարի` երեկ կայացած բացման արարողությանը, փոխանցել է, թե «գազամուղի բացման պաշտոնական արարողության ժամանակ արձանագրվել են մի քանի հետաքրքիր դետալներ». - «Նախ՝ երկու երկրների նախագահները կարմիր ժապավենը կտրելուց հետո վառել են խորհրդանշանական ջահը, որով իբրեւ թե մեկնարկել է իրանական գազի մուտքը Հայաստան: Իրականում, սակայն, ջահը սնուցվել է գազամուղի շրջակայքում թաքցված գազի բալոնից: Դրա պատճառն այն է, որ, ի հեճուկս պաշտոնական հայտարարությունների, գազամուղի շինարարությունը տակավին ավարտված չէ»։ «Այս եւ այլ հետաքրքիր մանրամասներ գուցե թե բացահայտվեին, եթե Երեւանից ավելի քան 300 կիլոմետր կտրած-անցած բազմաթիվ լրագրողները բացման արարողությանը հաջորդած ճեպազրույցում նախագահներին հարցեր ուղղելու հնարավորություն ունենային։ Սակայն, հարցեր են տվել միայն երկու երկրների հանրային հեռուստատեսությունների լրագրողները», - հավելել է թերթը։

Աննպատակահարմար համարելով Թուրքիայում Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բացման արարողությանը Հայաստանի պատվիրակության մասնակցությունը` «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանն այսօր հիմնավորել է. - «Ցանկացած եկեղեցի հավատի տաճար է դառնում, երբ նրա գմբեթին տեղադրվում է Հիսուսի չարչարանքները խորհրդանշող խաչը։ Քանի դեռ պարզ չէ, թե կհաջողվի՞ արդյոք Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանին տարհամոզել թուրքական իշխանություններին եւ Սուրբ Խաչի վրա տեղադրել սուրբ եւ ամենափրկիչ խաչը, Հայաստանի պաշտոնական պատվիրակության մասնակցությունը Աղթամար կղզու տաճարի բացման արարողությանը ճիշտ չի լինի։ Եթե թուրքերը իսկապես ցանկանում են բացել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, ապա թող բարի լինեն թույլատրել նրա գմբեթին Սուրբ Խաչի տեղադրումը: Իսկ եթե փորձում են իրենց զավթած տարածքի հուշարձանները օգտագործել սեփական քարոզչության համար, ապա որպես պետություն մենք նման միջոցառմանը ուղղակի անելիք չունենք»:

Պնդելով, որ «արտաքին աշխարհն առայժմ շահագրգռված չէ Հայաստանում վարչակարգի փոփոխությամբ»` «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիրը փաստարկել է. - «Դրանով իսկ հնարավորություն է տրվում ներկայիս վարչակազմին իրականացնել վաղեմի պայմանավորվածությունները եւ իրագործել ղարաբաղյան խնդրի կարգավորման ծրագրերը»։ «Հայաստանում ընտրությունների ավարտից հետո կանխատեսվում է, որ առաջին փուլում արտաքին աշխարհից կլինի բավականին մեղմ արձագանք առ այն, որ տեղ են գտել խախտումներ, որոնք, սակայն, չեն ազդել արդյունքների վրա։ Դրա դիմաց Քոչարյանից եւ ամբողջ իշխանությունից կպահանջվի փոխադարձ ըմբռնում։ Այ եթե դա տեղի չունենա, ապա «ընտրական մեղքերը», ինչպես նաեւ բոլոր նախորդ թերացումները նրանց կհիշեցնեն», - եզրակացրել է խմբագրականը։

«Տխուր թվեր - 2» վերնագրի տակ «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը փոխանցել է իր իսկ պատվերով անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքները, որոնց համաձայն հարցված 663 երեւանցիների «61%-ը հայտնել է, որ մասնակցել է 2003-ի ԱԺ ընտրություններին, եւ 69%-ը մտադիր է ընտրատեղամաս գալ այս տարվա մայիսի 12-ին». - «Բայց, սոցիոլոգների պնդմամբ, այդ թիվն այնքան էլ իրատեսական չէ, եւ ընտրությունների հաստատակամ մասնակիցների թիվը կարելի է ստանալ այդ երկու տվյալների «խաչումից»: Այսպիսով ստացվում է 52,3%. այսքանն են այն երեւանցիները, որոնց ընտրությունների գալը դարձել է քաղաքական մշակույթի մասը»:

Հայք»-ի տեղեկություններով, Շիրակի մարզային դատախազությունում քրեական գործ է հարուցվել Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանի կեղծ դիպլոմի կապակցությամբ: Թերթը, հաղորդելով, որ Շիրակի մարզպետը մարտի 28-ից արձակուրդ է վերցրել, հավանական է համարում, որ նա «գնա արձակուրդ եւ այլեւս չվերադառնա»:

Ըստ նույն թերթի, Հարկային պետական տեսչության օպերատիվ հետախուզության վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության գործի շրջանակներում հարցաքննության է հրավիրվել Ազգային ժողովի պատգամավոր Լեւոն Սարգսյանի թիկնապահներից մեկը: «Առայժմ մեզ հաջողվեց ճշտել միայն նրա անունը` Արմեն: Ենթադրվում է, որ հարցաքննությունից հետո Արմենին ձերբակալել են», - գրում է «Հայք»-ը:

«Ժամանակ Երեւան»-ը հաղորդում է, որ օրերս մի քանի մականունավոր գործարարներ փորձել են Գագիկ Ծառուկյանից պարզել, թե ինչո՞ւ են իրենք հայտնվել «Բարգավաճ Հայաստան»-ի համամասնական ցուցակի ետնամասում: Գագիկ Ծառուկյանը նրանց հանգստացրել է` ասելով, որ 15-ից ավելի ցուցակայիններ իրենց ձեռքով պարտավորագիր են գրել, որով հրաժարվում են ընտրություններից հետո պատգամավորական մանդատ վերցնելուց: «Իսկ եթե ցուցակի առաջին 15-ը դուրս են գալիս խաղից, ապա հետին շարքերում գտնվողները մեխանիկորեն գալիս են խորհրդարան: Այսինքն` ԲՀԿ-ն հանրությանը ներկայանում է ինտելիգենտների «դրոշով», բայց մայիսին խորհրդարան է մտցնելու մականունավորներին», - եզրակացնում է թերթը:

«Առավոտ»-ի փոխանցմամբ, «Ջերմուկ գրուպ»-ը դիմելու է Եվրոդատարան. ընկերությունը հույս ունի, որ վնասված համբավը միայն այդպես կարող է վերականգնել: Ըստ թերթի, տեղական շուկայում այս օրերին «Ջերմուկ»-ի սպառման ծավալները 10 տոկոսով նվազել են:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG