Մատչելիության հղումներ

Լրանում է Իրաքյան պատերազմի չորս տարին


Չորս տարի առաջ` 2003 թվականի մարտի 20-ին, սկսվեց Իրաքյան պատերազմը: Այն ժամանակ Վաշինգտոնում պնդում էին, թե գործողությունը ավարտին կմոտենա այն պահին, երբ տապալվի Սադամ Հուսեյնի բռնապետական ռեժիմը: Ռազմական գործողությունների մեկնարկից ընդամենը երեք շաբաթ անց ամերիկացիներն արդեն Բաղդադում էին, սակայն պարտիզանական պատերազմը Իրաքում շարունակվում է մինչ օրս:

Պաշտոնական տվյալների համաձայն, անցած 4 տարիներին Իրաքում զոհված ամերիկացիների թիվը հասել է 3200-ի: Միացյալ Նահանգների ամենահավատարիմ դաշնակիցները` բրիտանացիները, որոնք վերահսկում են Իրաքի համեմատաբար խաղաղ հարավային շրջանները, անցած տարիներին 134 զոհ են տվել: Պատերազմական գործողություններին զոհ գնացած խաղաղ իրաքցիների թիվը, ամենահամեստ հաշվարկների համաձայն, հասնում է 60 հազարի:

Իրաքյան պատերազմի մեկնարկից 4 տարի անց աշխարհում ավելի է աճում դժգոհության ալիքը:

Տխուր տարելիցի նախաշեմին Միացյալ Նահանգների ու Եվրոպայի տասնյակ քաղաքներում բազմահազարանոց բողոքի ակցիաներ կազմակերպվեցին, որոնց մասնակցեցին ոչ միայն շարքային քաղաքացիներ, այլեւ լայն հանրության շրջանում հայտնի մարդիկ:

Lոս Անջելեսում կազմակերպված ցույցին մասնակցում էին հոլիվուդյան մի շարք աստղեր: Նրանց թվում էր նաեւ ամերիկյան կինոյի ամենահայտնի հակապատերազմական ֆիլմի`«Ապոկալիպսիսն այսօր» ֆիլմի գլխավոր դերակատար Մարտին Շինը:

«Մենք ոչ ենք ասում այս կառավարությանը: Այն չի արտահայտում ժողովրդի կարծիքը: Նրանց բոլորին պետք է ուղարկել դաշնային բանտ», - հայտարարել է Շինը:

Իսպանիայում 50 հազար ցուցարարների հետ փողոց էր դուրս եկել նաեւ աշխարհահռչակ կինոռեժիսոր Պեդրո Ալմոդովարը:

«Բուշը մեզ հավատացնում էր, թե դա սրընթաց պատերազմ է լինելու, թե այն տեւելու է մի քանի շաբաթ, բայց տարիները գնում են, իսկ պատերազմը չի ավարտվում: Ամեն օր բացելով թերթերը` ես տեսնում եմ հերթական զոհերի մասին տեղեկատվությունը եւ պարզապես սարսափում», - ասել է իսպանացի ռեժիսորը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG