Մատչելիության հղումներ

Իրանի նախագահը ցանկանում է մասնակցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը պաշտոնապես խնդրել է թույլ տալ իր մասնակցությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, որի ժամանակ քվեարկվելու է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը` այդ երկրի միջուկային ծրագրի կապակցությամբ:

Անվտանգության խորհրդի մարտ ամսվա նախագահողը` ՄԱԿ-ում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպան Դումասինի Կումալոն, ասել է, որ խորհուրդը կորոշի` թույլատրե՞լ արդյոք Իրանի նախագահի այցը:

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար Ալեխանդրո Վոլֆը, սակայն, հայտարարել է, թե «որոշակի հեգնանք» է տեսնում Ահմադինեջադի այդ ցանկության մեջ. - «Ես հեգնական եմ համարում, որ մի նախագահ, որը այսօր ասել է, թե ինքը պատառոտում է Անվտանգության խորհրդի բանաձեւերը եւ որեւէ հարգանք չունի խորհրդի արածների նկատմամբ, շահագրգռված է խորհրդի առջեւ խոսելու համար այստեղ գալով»:

Հինգշաբթի օրը Ահմադինեջադը Իրանում քննադատել էր Անվտանգության խորհուրդը` այն անվանելով «ապօրինի», եւ հայտարարել, թե ՄԱԿ-ի եւ Արեւմուտքի ճնշումները չեն կարող հետ պահել Իրանին միջուկային տեխնոլոգիաներ ստանալուց:

Ակնկալվում է, որ նոր պատժամիջոցները, որոնք նպատակ ունեն պատժել Իրանին` ուրանի հարստացումը դադարեցնելուց հրաժարվելու համար, քվեարկության կդրվեն հաջորդ շաբաթ:

Բանաձեւի նախագիծը համաձայնեցվել է Անվտանգության խորհրդի` վետոյի իրավունք ունեցող 5 մշտական անդամների` Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության եւ Չինաստանի միջեւ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG