Մատչելիության հղումներ

Դանիլովիչ. «Ծրագիրը կսառեցվի, եթե Հայաստանում աղաղակող բան պատահի»


«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գործադիր ղեկավար Ջոն Դանիլովիչը հայտնել է, որ Հայաստանին հատկացվող օգնության ծրագիրը կարող է սառեցվել, եթե երկրում «աղաղակող բան տեղի ունենա»:

«Եթե ինչ-որ աղաղակող բան պատահի՝ ասենք, ընտրությունները չկայանան, մշտապես արգելվեն՝ ոչ թե հետաձգվեն, այլ արգելվեն, այդ դեպքում կաշխատի օգնությունը սառեցնելու հոդվածը», - ասել է Դանիլովիչը, այս շաբաթ ելույթ ունենալով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի պետական, օտարերկրյա գործառույթների եւ հարակից ծրագրերի ենթահանձնաժողովում:

«Հույս ունեմ, որ նման հիմնախնդիր մոտ ապագայում չի ծագի: Մեկ ամիս առաջ ես խոսել եմ այդ մասին նախագահ Քոչարյանի հետ», - ասել է Դանիլովիչը:

Պատասխանելով Հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ջո Նոլենբերգի այն հարցին, թե արդյոք ակնհայտ ձախողման դեպքում հնարավո՞ր է հետ վերցնել Հայաստանին արդեն տրամադրված գումարը, Դանիլովիչը փաստել է. - «Գումարը հետ վերցնելու արարողակարգ չի նախատեսված, հենց որ փողը մեր ծրագրով հատկացվում է, այն ծախսվում է»:

«Հույս ունենք, որ ամեն ինչ լավ կլինի՝ բոլոր երկրներում», - եզրափակել է Դանիլովիչը:

Նախագահ Ջորջ Բուշը խնդրել է Կոնգրեսին 2008 թվականի ֆինանսական տարվա բյուջեում «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային տրամադրել 3 միլիարդ դոլար:

Ներկայումս այդ ծրագրի շրջանակներում դիտարկվում են 25 երկրներ, որոնցից 11-ին, այդ թվում նաեւ Հայաստանին, արդեն որոշվել է գումարներ հատկացնել: Առաջիկա տարիներին Հայաստանը այդ ծրագրով կստանա մոտ 235 միլիոն դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG