Մատչելիության հղումներ

ԱԺ խոսնակը խուսափում է հայտարարել, որ ընտրությունները կանցնեն առանց կեղծիքների


Հայաստանի խորհրդարանի խոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, հինգշաբթի օրը հայտարարելով, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ազատ եւ արդար անցկացումը բացառիկ նշանակություն ունի Հայաստանի համար, խուսափեց, այդուհանդերձ, պնդել, թե ընտրությունները կանցնեն առանց խախտումների:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հարցին, թե վստա՞հ է արդյոք, որ գոնե իր կուսակիցները չեն կեղծի ընտրությունները, Թորոսյանը արձագանքեց. - «Հանրապետական կուսակցությունը ունի մի քանի տասնյակ հազար անդամներ, եւ կարո՞ղ է որեւէ մեկը ասել, հայտարարել, որ այդ մի քանի տասնյակ հազարավոր անդամներից յուրաքանչյուրի գործողությունները կարող է վերահսկել: Կարծում եմ, որ ոչ: Եվ ես չեմ կարող բացառել, որ կարող է ինչ-որ մի բան լինել, որի մեջ կարող է ինչ-որ մի հանրապետական կուսակցության անդամ մասնակից լինել»:

«Վերջերս այստեղ էր նաեւ «Հազարամյակի մարտահրավեր» [կորպորացիայի] ներկայացուցիչը եւ նույնպես խոսում էր, որ եթե լավ ընտրություններ չլինեն, ապա ծրագիրը կարող է եւ դադարեցվել», - ասաց Թորոսյանը: - «Մեր հանդիպման ժամանակ ես ասացի, որ, իհարկե, Հայաստանի համար կարեւոր է ցանկացած աջակցություն: Բայց Հայաստանի համար, Հայաստանի ապագայի համար այս ընտրությունների լավ անցկացումը ունի անհամեմատ ավելի մեծ նշանակություն, քանի մի քանի տասնյակ միլիոն դոլար գալ-չգալու խնդիրն է»:

Թորոսյանը, ամեն դեպքում, խոստացավ, որ եթե խախտումների փորձեր լինեն (անկախ նրանից, թե ում կողմից), ՀՀԿ-ն ամեն ինչ կանի, որպեսզի դրանք ընտրությունների վրա ազդեցություն չունենան:

Դիտարկմանը, թե, ըստ վերջերս անցկացված հարցման, «Բարգավաճ Հայաստան»-ը ավելի շատ ձայն կստանա ընտրություններում, քան ՀՀԿ-ն, Թորոսյանը արձագանքեց, թե դա «շատ մոտավոր գնահատական է եւ իրական պատկերը չի կարող ներկայացնել»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG