Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Նախագահների հանդիպման հավանականությունը դեռ կա»


Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը այսօր Ժնեւում իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին` ասելով, որ չնայած «դժվար եւ բարդ բանակցություններին», նախագահներ Քոչարյանի եւ Ալիեւի հերթական հանդիպման «հնարավորությունը դեռ կա»:

«Բավական դժվար եւ բարդ բանակցությունների էին` հակառակ [այն բանի] որ, ես կարծում եմ, որ հիմքերը այնպիսին էին, որ մի քիչ ավելի սահուն պետք է անցնեին այս բանակցությունները, բայց այդպես չեղավ. բավական ծանր էր եւ դժվար», - ասաց Օսկանյանը: - «Մյուս կողմից` նաեւ հասկանալի է դա, որովհետեւ գնալով մենք արդեն ընդհանուր սկզբունքների շերտերն ենք բացում: Դրա համար էլ անընդհատ նոր բարդություններ են առաջ գալիս»:

Վարդան Օսկանյանը, այդուհանդերձ, ասաց, որ արտգործնախարարների հանդիպումների նպատակը «միշտ այն է, որ կարողանալ առաջընթաց արձանագրել, որպեսզի նախագահների հանդիպումը ավելի հնարավոր լինի». - «Դրա հավանականությունը դեռ կա: Դրա համար էլ որոշվեց հաջորդ հանդիպումը հնարավորին չափ շուտ անել` ապրիլի մեջ կլինի»:

«Փաստաթուղթ կա սեղանի վրա, եւ մենք գտնում ենք, որ դա լուրջ փաստաթուղթ է, եւ իր մեջ պարունակում է հնարավորություն հարցի լուծման համար», - շարունակեց Հայաստանի արտգործնախարարը:

Մեկնաբանելով ավելի վաղ տարածած հաղորդագրության մեջ նշվածը, որ կողմերի միջեւ «կան խորը տարաձայնություններ», Վարդան Օսկանյանը ասաց. - «Իհարկե, եթե չլիներ, կարող էինք հայտարարել այսօր, որ լուրջ առաջընթաց կար: Դա մենք չենք անում, որովհետեւ տեսնում ենք բարդությունները: Բայց, մյուս կողմից էլ` չենք հուսահատվում. գտնում ենք, որ հիմքերը բանակցային, որ դրվել են, բավական հուսալի են եւ դեռեւս պարունակում են առաջ շարժվելու հնարավորությունը»:

Օսկանյանը մասամբ համաձայնեց դիտարկմանը, որ չարդարացան ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հնչեցրած հույսերը, որ մինչեւ մայիսի 12-ը (Հայաստանում խորհրդարանական ընտրությունների օրը) հնարավոր կլինի նախարարների մակարդակով լուրջ առաջընթաց արձանագրել:

«Այս փուլում չի ստացվել», - ասաց նա: - «Բայց, կարծում եմ, որ հույս կա դրան հասնելու»:

Անդրադառնալով փորձագետների շրջանում արվող ենթադրություններին, թե հիմնական տարաձայնությունը բանակցություններում Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի անցկացման շուրջ է, Վարդան Օսկանյանը ասաց. - «Ես չեմ ուզում կոնկրետացնել, թե ինչ է դա` ելնելով բանակցային խորհրդապահությունից»:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG