Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիների մեծամասնության համար անընդունելի են փոխզիջումները Ղարաբաղի հարցում


Ադրբեջանցիների 59 տոկոսից ավելին Ղարաբաղի հարցի կարգավորման համար ոչ մի փոխզիջում չի ընդունում: Այդ են վկայում անցած տարեվերջին Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ Ադրբեջանի 15 շրջաններում եւ 12 քաղաքներում անցկացված հարցումների արդյունքները, որոնք երեքշաբթի օրը ներկայացրել է քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը:

1000 հարցվածների 11,5 տոկոսը համաձայն է, որ Ղարաբաղին տրվի մշակութային ինքնավարություն եւ տեղական ինքնակառավարում, 9,5 տոկոսի կարծիքով՝ Ղարաբաղը կարող է ունենալ Նախիջեւանի ինքնավար հանրապետության նման կարգավիճակ:

Հարցված ադրբեջանցիների 11 տոկոսը կողմ է, որ Ղարաբաղի կարգավիճակը որոշվի հանրաքվեով, սակայն պայմանով, որ տեղահանված ադրբեջանցիները վերադարձած լինեն ու մասնակցեն հանրաքվեին:

Բանակցային գործընթացի հեռանկարին առնչվող հարցին գրեթե 47 տոկոսը պատասխանել են, որ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակը կպահպանվի նաեւ առաջիկայում: Հարցվածների մոտ 34,5 տոկոսի կարծիքով, բանակցային գործընթացում առաջընթաց կարձանագրվի խնդիրը խաղաղ կարգավորելու ուղղությամբ, իսկ մոտ 17 տոկոսը գտնում է, որ ռազմական գործողությունները կվերսկսվեն:

Հարցվածների մոտ 85 տոկոսը Ադրբեջանին բարեկամ երկիր է անվանել Թուրքիան, 18 տոկոսը՝ Ռուսաստանը, 9 տոկոսը՝ Վրաստանը, 8 տոկոսը՝ Ուկրաինան եւ 6 տոկոսը՝ Միացյալ Նահանգները: Որպես թշնամի երկիր 89 տոկոսը մատնանշել է Հայաստանը, 13 տոկոսը՝ Ռուսաստանը, 11 տոկոսը՝ Ֆրանսիան, գրեթե 10 տոկոսը՝ Իրանը:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG