Մատչելիության հղումներ

Ուկրաինայում է Պենտագոնի պատվիրակությունը


Այսօր Ուկրաինա է ժամանել Պենտագոնի պատվիրակությունը՝ ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության գործակալության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Հենրի Օբերինգի գլխավորությամբ: Ինչպես հաղորդել են Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանատնից, պատվիրակությունը «քննարկելու է հակահրթիռային պաշտպանության՝ Միացյալ Նահանգների ծրագրի, այդ թվում՝ Լեհաստանում եւ Չեխիայում առաջարկվող հակահրթիռային ռազմակայանների հետ կապված հարցեր»:

«Ֆրանսպրես» գործակալության վկայությամբ, Օբերինգը հանդիպումներ է ունենալու Ուկրաինայի նախագահի գրասենյակի, արտաքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության խորհրդի, Տիեզերական հետազոտությունների ազգային գործակալության պաշտոնյաների եւ խորհրդարանականների հետ:

Լեհաստանում եւ Չեխիայում հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղակայելու եւ դրա շրջանակներում Հարավային Կովկասում հակահրթիռային ռադար տեղադրելու՝ ԱՄՆ-ի մտադրության մասին Հենրի Օբերինգը հայտարարել էր մարտի սկզբին:

Չնայած հավաստիացումներին, որ հակահրթիռային պաշտպանության նոր համակարգը ուղղված չի լինելու Ռուսաստանի դեմ՝ Միացյալ Նահանգների նոր ծրագրերը հարուցել են պաշտոնական Մոսկվայի բուռն հակազդեցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG