Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի տեղեկություններով, կիրակի օրը Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է «Դաշինք» կուսակցության քաղխորհրդի անդամներից մեկին: «Երեկ երեկոյան անհասանելի էին «Դաշինք»-ի թե մամուլի խոսնակը, թե կուսակցության քաղխորհրդի անդամները, իսկ պաշտոնական ամփոփագրերում ձերբակալման մասին որեւէ տեղեկություն չկար», - գրում է թերթը:

«Հայկական ժամանակ»-ը, նույն թեմային անդրադառնալով «Տարել են, չեն տարել» խորագրի ներքո, գրում է, թե ըստ շրջանառվող լուրերի, «Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները բերման են ենթարկել «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի վարորդին, իսկ հետո նաեւ վերջինիս են հրավիրել ԱԱԾ` ապօրինի զենք կրելու հիմնավորմամբ»: ԱԱԾ լրատվական բաժնից թերթին ասել են, որ իրենք նման տեղեկություն չունեն, նույնն ասել է նաեւ «Դաշինք» կուսակցության քաղխորհրդի անդամ Անդրանիկ Թեւանյանը:

«Չորրորդ ասպատակությանը սպասելիս» վերնագրի տակ «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանն այսօր արձանագրել է. - «Հայաստանյան
խորհրդարանը այնքան է վերածվել իշխանության ձեւական ելունդի, որ ավելի շուտ ատավիզմ, մահացող կենսահամակարգ է հիշեցնում, քան ժողովրդաիշխանության մարմին։ Մեր խորհրդարանում մարդիկ համոզված են իրենց աշխատանքի բացարձակապես ոչ պարտադիր լինելու մեջ: Դատելով առաջադրվելու ցանկություն ունեցողների կազմից, Ազգային ժողովի վրա չորրորդ ասպատակությունը ամենից ծանրն է լինելու։ Վախենում եմ, որ 5-10 տարի անց «կրթված պատգամավոր» հասկացությունը մեզանում կարող է ֆանտաստիկայի ոլորտից լինել»:

Պնդելով, թե մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում «լուրջ պայքար, այսինքն՝ շատ թե քիչ համազոր ու հավասարարժեք իշխանամետ ու ընդդիմադիր ճամբարների մրցակցություն, չի լինելու»` «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը շեշտադրել է. - «Ազգային ժողովի ընտրություններից ուղիղ երկու ամիս առաջ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ մի կողմից՝ օրեցօր նվազում են ընդդիմության հաղթանակի առանց այդ էլ սահմանափակ հնարավորությունները, իսկ մյուս կողմից՝ իշխանամետ ուժերը մեծ հետեւողականությամբ աշխատանքներ են ծավալում «տեղերում», այսինքն՝ յուրաքանչյուր փողոցում, բակում, թաղամասում ու գյուղում։ Այս ամենը մայիսի 12-ին տալու է այն պտուղները, որոնց սերմերը ցանվում են այսօր»։ «Ուրեմն` առաջիկա ընտրություններում իշխանությունների ու նրանց աջակցող քաղաքական ուժերի հիմնական խնդիրը դրանց արդարության ու թափանցիկության ապահովումն է, որպեսզի երկու ամիս առաջ արդեն ակնհայտ դարձող փաստը, այսինքն՝ իշխանամետ ուժերի հաղթանակը, միջազգային հանրության համար եւս լինի համոզիչ ու անվիճելի», - բխեցրել է մեկնաբանը։

«Չորրորդ իշխանություն» թերթի փոխանցմամբ` «չնայած 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին դեռ երկու ամիս կա, սակայն, արդեն այս պահին կարելի է որոշակի համոզվածությամբ ասել, որ Ռոբերտ Քոչարյանին հաջողվեց իր իշխանության վերարտադրության համար երկու կարեւոր խնդիր լուծել. առաջինը՝ թույլ չտալ ընդդիմադիր ուժերի միավորումը եւ առավելագույնս իրեն հավատարիմ մարդկանց խցկել երկու հիմնական կուսակցությունների՝ ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստան»-ի նախընտրական ցուցակները, ինչը Քոչարյանին թույլ կտա անընդհատ «կոնտրոլի» տակ պահել այդ ուժերին»։

«Քարոզչական հնարքների սեզոն» վերնագրի տակ «168 ժամ» պարբերականը փոխանցել է, թե ընտրազանգվածի վրա ավելի մեծ տպավորություն թողնելու նպատակով, «Դաշինք» կուսակցության հիմնական PR քայլերից մեկը լինելու է կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հայտարարությունը, թե Հայաստանի հաջորդ նախագահը ոչ մի դեպքում չպետք է լինի ծնունդով ղարաբաղցի». - «Դրանով, ամենայն հավանականությամբ, Բաբայանը եւ իր կուսակցությունը կփորձեն իրենց տարանջատել, այսպես կոչված, «ղարաբաղյան կլանից» ու իշխանական որոշ շրջանակների հետ գաղտնի կապեր ունենալու մեջ մեղադրանքներից։ Հաջորդ քարոզչական թեզը լինելու է այն, որ Սամվել Բաբայանն իր հայտարարություններում ակնարկելու է, որ ինքը Հայաստանում ոչ մի պետական բարձր պաշտոնի չի ձգտում։ Բնականաբար, Բաբայանը չի ասի, որ իր քաղաքական հետաքրքրությունների շրջանակը Լեռնային Ղարաբաղն է, այն էլ՝ նախագահի պաշտոնի տեսքով։ Բայց բոլորն էլ գիտեն, որ հենց դա է Բաբայանի միակ երազանքն ու ցանկությունը»:

«Ժամանակ-Երեւան» թերթի փոխանցմամբ` «պատգամավոր Շավարշ Քոչարյանը այս օրերին ինտենսիվորեն կատարելագործում է անգլերենի իր իմացությունը». - «Պատճառն այն է, որ իշխանությունները Քոչարյանին խոստացել են ընտրություններից հետո պաշտոն տալ կամ եվրոպական որեւէ կառույցում՝ իբրեւ Հայաստանի ներկայացուցիչ, կամ հայկական որեւէ դեսպանատանը։ Դրա փոխարեն Քոչարյանը անգլերեն սովորելուն զուգահեռ խոսում է ընդդիմության փոշիացածության եւ նրան առաջիկայում սպասվող պարտության մասին»։

«Կրակեմ Սեյրանը» վերնագրի տակ «Առավոտ» թերթը փոխանցել է, թե «Մարտի 8-ի առիթով Էջմիածին քաղաքի դպրոցներում գումար բաժանելուց հետո պատգամավորի հավակնորդ Սեյրան Սարոյանը ուսուցիչներին հրավիրել է կերուխումի». - «Խնջույքի վերջում արդեն գինովցած պաշտոնաթող գեներալը, մոռանալով, թե ինքը որտեղ է, ում հետ եւ ինչի համար, ատրճանակից կրակահերթ է արձակում։ Վախեցած մանկավարժները սեղանների եւ աթոռների տակ են փորձում գտնել իրենց փրկությունը»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG