Մատչելիության հղումներ

«Ջերմուկ»-ը օգտագործելուց խուսափելու կոչ է արել նաեւ Կանադայի Սննդի տեսչությունը


Կանադայի Սննդի տեսչությունը երկրի սպառողներին կոչ է արել չգնել «Ջերմուկ» հանքային ջուրը: «Պատճառը ջրում արսենիումի` մկնդեղի պարունակությունն է, որ կարող է գերազանցել նորման», - տեղեկացնում է կանադական CCN-Matthews գործակալությունը:

Սննդի տեսչության տարածած զգուշացման մեջ նշված են նաեւ այն կանադական ընկերությունների եւ խանութների անվանումներն ու հասցեները, որոնք երկիր են ներմուծում ու վաճառում «Ջերմուկ» հանքային ջուրը:

Քվեբեկ նահանգում նշված է վաճառքի չորս կետ, որոնք սպառողներին են առաջարկում «Ջերմուկ» ընկերության արտադրանքը: Քվեբեկում գազով բնական հանքային «Ջերմուկ»-ի վաճառքով զբաղվող D.A.Arcan Inc ընկերությունը արդեն սկսել է խանութներից հետ կանչել դեռեւս չիրացված արտադրանքը:

CCN-Matthews-ը նշում է, որ Կանադայի Սննդի տեսչության զգուշացումը վերաբերում է նաեւ «Ջերմուկ Գրուպի» բուժիչ հանքային սեղանի ջրին, որը, ըստ կանադական աղբյուրների, վաճառվում է երկրի ողջ տարածքում:

Կանադայի Սննդի տեսչությունը տեղեկացրել է, որ «Ջերմուկ» օգտագործելուց հիվանդության դեպքեր չեն արձանագրվել, սակայն «արսենիումը կարող է քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ»:

Անցած շաբաթ «Ջերմուկ»-ի օգտագործումից ձեռնպահ մնալու կոչ էին արել նաեւ Միացյալ Նահանգների եւ Հոնկոնգի համապատասխան մարմինները:

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի ապրանքների ծառայությունների որակի վերլուծության դեպարտամենտի նախագահ Միլետա Արիստակեսյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ «Ջերմուկ»-ը «սովորական խմելու ջուր չի համարվում»:

Նրա խոսքերով, նախկինում «Ջերմուկ»-ը դասակարգվում էր որպես բուժիչ (որ սեղանի) ջուր:

«Բուժիչ բառը ասում է, որ այն որպես սեղանի ջուր չպետք է օգտագործել», - ասաց նա` ավելացնելով. - «Բայց այն վնասն էլ չի տալիս, ինչպես ներկայացվեց»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա եւ Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG